Իրանի դեսպանը մեղմացրել է Ադրբեջանի դեմ հռետորաբանությունը

ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեղմացրել է հռետորաբանությունը Ադրբեջանի վերաբերյալ։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանի դեմ իսրայելական հարվածների համար հնարավոր է` օգտագործվել է նաև ադրբեջանական տարածքը։

Այսօր արդեն լրագրողների հետ զրույցում Մեհդի Սոբհանին հիշեցրեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, որտեղ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե իրենց տարածքը չի կարող օգտագործվել Իրանին հարվածելու համար։

«Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը վստահեցրել է Փեզեշքիանին, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար։ Մենք պաշտոնական ինֆորմացիա չունենք, որ նման բան տեղի է ունեցել, ուստի միայն մամուլի ենթադրությունների վրա չենք կարող դիրքորոշում հայտնել»,–ասաց Մեհդի Սոբհանին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Մեհդի Սոբհանին, վկայակոչելով հետախուզական տվյալները, ասել էր, որ որոշ քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ ԻԻՀ են ներթափանցել հարևան երկրների տարածքից: Նա ակնարկել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ տեղեկացնելով, որ ԻԻՀ նախագահն Ալիևին խնդրել է «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել դրա վերաբերյալ:

Sputnik Արմենիա