Իրավապահ փաստարկներն անհիմն են և հակասական․ Միքայել սրբազանի պաշտպանական թիմ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկները ոչ միայն անհիմն են, այլև հակասական: Այս մասին հայտարարություն է տարածել սրբազանի պաշտպանական թիմը։
Պաշտպանների խոսքով՝ հայտարարություններով փորձ է արվում հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբրև Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են, և իրենք ունեն բավարար ապացույցներ։
Պաշտպանական թիմն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, այդ հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից։ Այն բանից հետո, երբ դա հայտնի դարձավ, դատախազությունը հրապարակային պարզաբանում տարածեց, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թ․ տված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանի որ Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել էր նաև 2025 թվականի հունիսի 21-ին։
«Դրանից հետո Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից և փորձել է իր հակափաստարկները ներկայացնել, որոնք, ցավոք, նույնպես ոչ միայն իրավական չէին, այլև՝ հակասում են քրեական վարույթի իրական հանգամանքներին»,- նշում է պաշտպանական թիմը։
Խոստանում են առանձին-առանձին ներկայացնել իրավապահ մարմինների մանիպուլյացիաները։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի և Բագրատ սրբազանին առնչվող քրեական վարույթները պետք է դիտարկել մեկ ընդհանուր ամբողջական գործողությունների կատարման շղթայի համատեքստում:
Նրա խոսքով՝ անհետաձգելի քննչական գործողությունների ժամանակ իրենց ձեռքում են հայտնվել նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ Միքայել Աջապահյանի օրագիրը, որտեղ նա արտացոլել է յուրաքանչյուր օրվա կատարված գործողությունը՝ սկսած 2022 թվականից։
«Այնտեղ է ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական շրջանում, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, ինչի՞ պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ և այլն»,- ասել է Պողոսյանը։
Ըստ նրա՝ այս ամենից հետո, երբ Աջապահյանը վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը, ՔԿ-ն նա դիտարկել է որպես ռիսկ և միջնորդել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա