«Վիվա Արմենիան» պատրաստվում է ձեռք բերել «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը
Հայաստանում կապի խոշոր օպերատոր «Վիվա Արմենիան» պատրաստվում է ձեռք բերել ռուսական «Ռոստելեկոմ» ( այժմ «Օվիո») ապրանքանիշը ներկայացնող «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Այս գործարքին համաձայնություն տալու որոշման նախագիծը ներառված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 2-ի նիստի օրակարգում։
Նախագծի մեջ նշվում է, որ «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ՓԲԸ–ն այս տարվա մայիսի 7–ին ՀԾԿՀ է ներկայացրել իրենց ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, ըստ որի` «Վիվա Արմենիա» ՓԲԸ մտադիր է ձեռք բերել իրենց կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը։
Որոշումն ուժի մեջ կտնի «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀԾԿՀ կամ ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
Հավելենք, որ «Վիվա Արմենիա»-ի բաժնետոմսերի 20%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը։
Sputnik Արմենիա