Զախարովա․ Ադրբեջանի կողմից ռուս լրագրողների դեմ ձեռնարկված միջոցառումները թելադրված են այլ նկատառումներով

Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակի դեմ, իսկ ռուս լրագրողների դեմ միջոցները թելադրված են այլ նկատառումներով։ Այս մասին «Սպուտնիկ» ռադիոյի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևի, ո՛չ էլ բովանդակային առումով։ Ես չեմ լսել, որ Բաքվից որևէ բողոք լինի և այս փուլում լրագրողների վերաբերյալ որևէ բողոք չի էլ եղել։ Ակնհայտ է, որ սրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով, երեկ ևս մեկ անգամ դեսպանին տեղեկացրել են այս մասին», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են Ռուսաստանի և Ադրբեջանի համար և նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է ուշադիր մտածեն իրենց գործողությունների մասին։

News.am