Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Այս ակնհայտ ապօրինի հետապնդումը սկզիբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Ես նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի»,- ասաց նա։

Վարդևանյանի խոսքով՝ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի տված հաղորդումը։

«Ավելին, այդ հաղորդումը մեզ չի տրամադրվել, այդ հաղորդման պատճենն առկա չէ մեզ ու դատարանին տրամադրված նյութերում։ Այն պարզապես տեղ է գտել քննիչի միջնորդության մեջ»,- ընդգծեց Սամվել Կարապետյանի փաստաբանը։

Aysor.am