Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանին աջակցություն հայտնող բանաձևին

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 2-ին հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևին։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևում դատապարտվում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ Հայաստանը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Բանաձևն աջակցություն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և խաղաղության նպաստող տեսլական։

Ուշադրություն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում ընթացող դատավարություններին, որոնց ժամանակ միջազգային դիտորդների և օտարերկրյա մամուլի մուտքն արգելված է։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձևը պահանջում է ազատ արձակել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ձերբակալված բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ նախկին տեղական պաշտոնյաներին, և ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ հանրային դատավարությունների և բժշկական վերահսկողության ներքո։

Բանաձևում անդրադարձ է կատարվում 2025 թ. մարտին բանակցված խաղաղության համաձայնագրի նախագծին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կոչ անելով կողմերին հնարավորինս արագ ստորագրել այն առանց նախապայմանների։

Բելգիացի խորհրդարանականները նաև դատապարտում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի գրասենյակների փակումն Ադրբեջանում։

Բանաձևում նաև նշվում է, որ դիտարկվում են Երևանում Բելգիայի դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների ներդրման հնարավորությունները։

Կոչ է արվում թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգության վիճակը գնահատելու և պահելու նպատակով։

Ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ավելի քան 220 քառ. կմ Հայաստանի Հանրապետության տարածք։

Բանաձևն աջակցություն է հայտնում թիրախային պատժամիջոցների կիրառմանը այն անձանց ու կառույցների նկատմամբ, որոնք խախտել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարը, խախտել են մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը կամ սպառնացել են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Բանաձևը կքննարկվի և կքվեարկվի նաև Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։