Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել
ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ են իրականացվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և արցախցիների հետ քննարկումների արդյունքում մշակել են մի շարք բարեփոխումներ և սահմանել են նոր սահմանակարգեր։
Նրա խոսքով` այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3–5 մլն դրամ` կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերում կամ կառուցում անշարժ գույքը։
Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ. այս պահին գործող ցանկում ներառված են 57 համայնքի 452 բնակավայր, որն կընդլայնվի մինչև 611 բնակավայր։
«Ծրագիրն, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար` անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրի դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թ. դեկտեմբերի 31–ը (նախկին կարգով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն էր)»,– տեղեկացրեց նախարարը։
Մկրտչյանի խոսքով` կստեղծվի նաև միջգերտեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ծրագրին դիմած ու շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերը։
Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1–ի դրությամբ հավաստագիր է ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 1 600 ընտանիք, որոնք նախ քաղաքացիություն են ստացել, ապա դարձել շահառու։ Մկրտչյանը վստահ է, որ այս նոր բարեփոխումներով շահառուների թիվը կավելանա։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ մերժումներ չկան։ Այս պահինընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կա 10961 դիմում։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձավ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ֆինանսական աջակցության ծրագրերին։
«Մենք արդեն ապրիլից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց ևս երկու ամսով հետաձգեցինք: 40 000–ական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,– ընդգծեց նա:
Փոխվարչապետի խոսքով` այժմ աջակցության շահառուները անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները:
«Հունիսին նրանք կստանան 40 հազար դրամ, իսկ արդեն հուլիսից մինչև տարեվերջ բոլորի համար 30 հազար դրամ կլինի: Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30 000–ական դրամի աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,– պարզաբանեց Խաչատրյանը:
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել էր, սակայն արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունում որոշվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգել (մայիս, հունիս)։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա