Հայր Ասողիկ․ Մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը
«Սրտի անկեղծ ցավով ենք արձանագրում, որ Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ ձայնակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ Եկեղեցու և նրա աստվածարյալ Նվիրապետության իրենց անպատկառ և անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով և չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում և այդպես, արդեն, հերձվածողության դուռ բացելով»։ Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Քանի՜ անգամ Սբ Եկեղեցին, անհատաբար և ժողովաբար, զգաստության կոչ է արել իշխանություններին, որոնց ներկայացուցիչները հանդիսանում են Հայոց Եկեղեցու մկրտյալ անդամներ և (իրենց իսկ պնդումների համաձայն) հավատարիմ հետևորդներ, որպեսզի նրանք չչարաշահեն իրենց պաշտոնական հանգամանքը՝ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, կանգ առնեն, դադարեցնեն իրենց հարձակումները և ապաշխարեն: Որպես հայ քրիստոնյաներ ապաշխարեն:
Սակայն, ի ցավ սրտի, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվում. մնում են նույն անզգամ չարության մեջ, ավելին՝ շարունակում են իրենց ոչ քիստոնեավայել և ապօրինի ընթացքը:
Որպես ձեռնադրյալ և օծյալ հոգևորական՝ Ամենակալ Տիրոջից տրված հոգևոր իշխանությամբ և զորությամբ, ամենայն սիրով, նորեն զգաստության և ապաշխարության կոչ եմ անում իշխանության որոշ ներկայացուցիչներին:
Այլև հարկ եմ համարում նրանց տեղեկացնել, որ, հակառակ պարագային, հարկադրված ենք լինելու խորհելու անվանական բանադրանքի մասին, քանի որ նրանք, այլևս, հատում են հավատքի և հոգևոր կյանքի բոլո՛ր սահմանները:
Սբ Ներսես Դ. Շնորհալի և Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսների սահմանած կանոններն արտոնում են՝ որևէ քահանա կամ եպիսկոպոս իրավունք ունի բանադրելու Սբ Եկեղեցու մոլորյալ ու հանցապարտ անդամներին՝ հոգևոր-բարոյական «զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար»:
Հայրապետահաստատ կանոնները սահմանում են. «Եթե քահանան մեկին բանադրում է զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար, ուրիշ քահանա տգիտաբար այդ բանադրյալին չպիտի թույլ տա իր եկեղեցին մտնելու, բոլոր քահանաները պիտի մերժեն նրան, մինչև որ չզղջա մեղավորը և թողություն խնդրելով բանադրանքը վերացնել տա» (Սբ Ներսես Շնորհալի, Կանոն 36), «Եթե մի քահանա մի որևէ հանցանքի համար բանադրում է ժողովրդականին, ուրիշ քահանա իրավունք չունի բանադրանքը վերցնելու, վերցնողը ինքը կբանադրվի» (Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի, Կանոն 77):
Կա՛նգ առեք, տիկնայք և պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր և լույս իսպառ չկա, քանզի միմիայն թշնամու վարմունք է:
Սոսկալի է եկեղեցական բանադրանքը՝ իր ծանրագույն հետևանքներով այս կյանքում և հանդերձյալում: Արդ, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը. կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք»,–գրում է Հայր Ասողիկը:
News.am