Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը մարդավարի չէ. Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Սամվել Կարապետյանը իմ ընկերն է և բարեկամը, հետևաբար չեմ բացառում, որ այն ինչ կասեմ իր ու այս օրերին ՀՀ–ում իր շուրջ կատարվողի մասին, ընկալվի սուբյեկտիվ և զգացմունքային, այդ իսկ պատճառով կփորձեմ ասելիքս կառուցել հնարավորինս օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։ Նա մի քանի կետն է առանձնացրել։

1 Սամվել Կարապետյանը երբևէ որևէ իշխանության մաս չի կազմել, որևէ իշխանության օրոք որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր ֆինանսական կարողությունները և ունեցվածքը Հայաստանում չեն ձևավորվել:

2 Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով օրվա իշխանության ով լինելու հանգամանքով կամ այդ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այս իրողության մեջ կարելի է համոզվել անգամ հպանցիկ հայացք նետելով այն բարեգործությունների շարքին, որոնք նա կատարել է այս տարիների (այդ թվում` վերջին յոթ տարիների) ընթացքում:

3 Բոլոր հայ բարերարները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են ու հուսով եմ` հետագայում ևս կվերաբերվեն որպես հարազատ տան, օջախի, որից զուտ ակնկալում են արդարացի վերաբերմունք՝ հայրենիքի նկատմամբ իրենց վարքագծին համապատասխան:

4 Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ իրավունք ունի ամենատարբեր հարցերի վերաբերյալ ունենալ սեփական կարծիք ու այն արտահայտել, որը կարող է չհամընկնել կամ հաճելի չլինել այս կամ այն անձի կարծիքի հետ՝ անկախ այդ անձի ով լինելու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:

5 Հայկական սփյուռքում Սամվել Կարապետյանը յուրահատուկ դեր ունի ոչ միայն իր կատարած բարեգործությունների կամ ֆինանսական օգնությունների շնորհիվ, այլ որովհետև նա միշտ փորձել է իր ձևով օգնել մեր հայրենակիցներին՝ այդ թվում խորհուրդ տալու, հաշտեցնելու, աջակցելու, սուր եզրերը հարթելու ձևով, երբ դրա կարիքը եղել է:

6 Կարապետյանը իրավունք ունի ունենալ իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, արտահայտել դիրքորոշում ու կարծիք եկեղեցու շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իր չափով ու ձևով ունենալ մասնակցություն այդ հարցի քննարկմանը, լուծմանը և հաղթահարմանը:

7 Սամվել Կարապետյանի խոսքի մեկնաբանման այն տարբերակը, որը դրվել է նրա նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի հիմքում առնվազն վիճելի է` հաշվի առնելով հարցերի լուծման բազմաթիվ ուղիներ և եղանակներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ բառերի ներքո (տես՝ կետ 5):

8 Կարծում եմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի:

9 Հայաստանում ստեղծված մթնոլորտի (ատելություն, անհանդուրժողականություն, հակադիր կարծիքների մերժում և այլն) առումով անելիքներ ունեն բոլորը՝ օրվա իշխանությունն առաջին հերթին, քանի որ իր հնարավորություններն այդ մասով ամենալայնն են:

«Հուսով եմ` իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում` նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը»,–ասել է Կարեն Կարապետյանը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ վիճելի գործընթացը կարող է շարունակվել նաև առանց իրավական ու բարոյական տեսանկյունից անընդունելի կալանքի կիրառման։

Sputnik Արմենիա