Սա ո՞վ պետք է քանդի. ընդդիմությունը դատախազից հետաքրքրվեց պաշտոնյաների առանձնատների մասին

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր ընդդիմադիր պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրրքվեցին պաշտոնյաների առանձնատների մասին, որոնք գտնվում են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի կողմից պահպանվող տարածքում։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկմանը ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, մասնավորապես ցույց տվեց մի լուսանկար, որտեղ, ըստ նրա ունեցած տվյալների` ՔՊ-ական գործարար, «Կապավոր ընկերություն» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի տունն է։

«Նույն Գեղարքունիքի մարզն է, նույն Շորժա համայնքը, նույն Դրախտիկ գյուղի վարչական շրջանը, նույն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի կողմից պահպանվող տարածքը, որտեղ, սակայն, 2019 թ. կառուցվել է առանձնատուն «Կապավոր ընկերություն» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից, որի լուսանկարը վերջին անգամ տեսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքում 2021 թ. ընտրությունների օրը»,– տեղեկացրեց պատգամավորը։

Թովմասյանը դատախազից հետաքրրքվեց` ինչո՞ւ նա նույն հետևողականությամբ այդ հարցին չի տալիս քրեաիրավական գնահատական այն դեպքում, երբ սրա մասին բազմիցս բարձրաձայնվել է, մի քանի անգամ հաղորդումներ ներկայացվել։

«Միգուցե դուք, ամենայն հավանականությամբ, չեք ստացել այդ sms–ը և չկա քաղաքական նպատակահարմարություն` ՔՊ–ի սիրելի գործարարին պատժելու, իսկ հիմա եկել եք, ասում եք` Արծվիկ Մինասյանը տարածքը չի քանդել։ Բա, սա ո՞վ պետք է քանդի (պատգամավորն այդ պահին ցույց է տալիս առանձնատան լուսանկարը–խմբ.)։ Ի դեպ, այդ ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը Էրիկ Գրիգորյանն էր, Գեղարքունիքի մարզպետը` Գնել Սանոսյանը, և ամբողջական պատասխանատվությունը կրում է ՔՊ–ն»,– հայտարարեց պատգամավորը։

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ ոչ միայն պատգամավորի կողմից մատնանշված առանձնատունը, այլև ԶԼՄ–ներից մեկից ստացել են հետաքննական նյութ, որը մեկ այլ պաշտոնյայի է վերաբերում որը նույնպես այդ նույն Դրախտիկ գյուղում հողազավթում է արել, որը պատկանում է ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանին։

«Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանին, ապա նա` որպես բնապահպանության նախարար, այդ տարիներին իր լիազորության շրջանակում թաքցրել է որոշակի տվյալներ, այդ թվում այն, որ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալով շենք` այն ներկայացվել է որպես դատարկ հող և իբր տրվել ներդրման։ Մինչդեռ դա ոչ թե ներդրում էր, այլ մասնավոր սեփականություն։ Արդյունքում, հնարավոր չէր այդ գույքի հետ կապված որևէ բյուջետային մուտք ապահովել, առավելագույնը հնարավոր էր գույքահարկ մուծել։ Իսկ դրա համար այս ինքնակամ կառույցը ներկայացվել է որպես ներդրումային ծրագիր` 25 տարի ժամկետով` միգուցե այն տրամաբանությամբ, որ 25 տարի անց այդ մասին կմոռանան»,– հայտարարեց Վարդապետյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր հերթին դատախազից հետաքրքրվեց` ինչո՞ւ չի խոսվում նաև Սևանի ափին առկա այլ առանձնատների մասին, այդ թվում՝ ՔՊ–ականների հետ փոխկապակցված անձանց, օրինակ` ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի աղջկան պատկանող։

Ի պատասխան Վարդապետյաննն ասաց, որ Սևանի ափին մոտ 991 գույք կա, միայն Սեյրան Օհանյանի գույքը չէ, կան այլ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պաշտոնավարող անձինք, ում հետ փոխկապակցված գույքեր կան, և դրանք ուսումնասիրության առարկա են հանդիսանում։

«Ուսումնասիրությունը գուցե փափուկ է հնչում, բայց պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրությունից հետո դառնում է պատշաճ հաղորդում և քրեական վարույթ»,- նշեց Վարդապետյանը։

Նա շեշտեց՝ չի կարող լինել մի իրավիճակ, երբ բնության հատուկ պահպանվող տարածքը պետք է վերադարձվի պետությանը՝ չվերադարձվի կամ քրեական վարույթ չհարուցվի՝ անձով պայմանավորված։

Sputnik Արմենիա