CSI կազմակերպությունը ՄԱԿ-ի խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել ԼՂ հարցով

«Christian Solidarity International» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշումը։

Հայտարարության մեջ ասվում է, որ 22 ամիս է անցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 120,000 էթնիկ հայերի արտաքսեց իրենց հայրենիք Լեռնային Ղարաբաղից և 20 ամիս այն բանից հետո, երբ Միջազգային դատարանը որոշեց, որ պաշտոնական Բաքուն, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, «պետք է ապահովի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալու ցանկություն ունեցող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»։

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «պաշտպանել և պահպանել Լեռնային Ղարաբաղը լքած հայերի փաստաթղթերը, գրանցման մասին գրառումները, անձը հաստատող փաստաթղթերը և մասնավոր ունեցվածքը»։

«Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն չի կատարել այս հրամանը, այլև ակտիվորեն ոչնչացնում է հայերին պատկանող տները, գույքը և ամբողջական գյուղեր, ինչը շատ դեպքերում անհնար է դարձնում այս հրամանի կատարումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով միջազգային իրավունքի և Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի այս ակնհայտ անտեսումը` «Christian Solidarity International» կազմակերպությունը կրկին կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին հատուկ զեկուցող նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար էթնիկ հայերի` տուն վերադառնալու հնարավորությունը։

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը (Christian Solidarity International, CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպություն է, որը պաշտպանում է կրոնական հալածանքների, ստրկության, տուժած երեխաների և բնական աղետների զոհերի շահերը և օգնում նրանց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։

Sputnik Արմենիա