Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կանչում են ՆԳՆ և ՔԿ. հայտարարություն
Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
Նշվում է, որ քաղաքացիներին նման պահանջ է ներկայացվում վերջին րոպեներին։
«Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից էլ հայտնում են, որ վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00֊ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց։
Ընդգծվում է, որ որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով մարդկանց պահում են բաժիններում։
«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր` ավելի վաղ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել էր, որ նախատեսված հավաքը և երթը արտոնված են, այն համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ–ի հետ և կանցկացվի այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգուց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը, անփոփոխ է թողել։
Sputnik Արմենիա