ՀՀ ՔԿ-ն կրկին վստահեցնում է՝ Բագրատ սրբազանին վերագրվող ձայնագրությունները կեղծ չեն

«Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, ապացուցողական զանգվածը, ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը` անդրադառնալով Բագրատ սրբազանի փաստաբանի կողմից հնչեցված դիտարկումներին։

Այսօր` ավելի վաղ, Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ իրավապահ համակարգը սկզբում սարքում է սուտ, այնուհետև սեփական սուտը ուռճացնում է, որից հետո հղում է անում սեփական ուռճացված ստին։ Նա ընդգծել էր, որ Քննչական կոմիտեն կեղծել է արքեպիսկոպոսի՝ կողմնակիցների հետ խոսակցությունների ձայնագրությունը: Փաստաբանը հայտարարել էր, որ կան բազմաթիվ նյութեր, որոնք հերքում են հետաքննության փաստարկները։

«Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները հետազոտվում են օրենքով սահմանված դատավարական կարգով, իսկ սոցիալական ցանցերում դրանց ապացուցողական նշանակության նսեմացման մասին հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական վարույթով այդ ապացույցների նշանակության վրա»,–գրել է Ավդալյանը։

Sputnik Արմենիա