Գլխավոր դատախազը չի բացառում, որ ԱԺ կմտնի նաև Գառնիկ Դանիելյանի և Իշխան Սաղաթելյանի հետևից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի բացառում, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կարող են այլ միջնորդություններ էլ լինել։

Ինչպես հայտնել ենք, Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում հուլիսի 7–ին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։ Դատախազի խոսքով՝ առկա են բավարար փաստեր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին ամսով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով։

«Էլի անձինք կան, ում առումով ստուգողական և նաև քննչական գործողություններ են կատարվում։ Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի Ազгային ժողով, որովհետև մեզ անհրաժեշտ է հիմնավոր կասկածից վեր չափանիշով Աժ-ի համար հիմնավորել և հնարավորություն տալ որոշում կայացնել։ Դրա համար մենք ըստ փուլերի, ում հարցում արդեն վստահություն ունենք, որ հաղթահարել ենք շեմը, ներկայացնում ենք ԱԺ»,- ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին։

Պատգամավորի հարցը վերաբերում էր այն հանգամանքին, որ ներկայացված ձայնագրություններում հիշատակվում են նաև այլ պատգամավորներ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանը և Գառնիկ Դանիելյանը։

«Օրինակ, Իշխան Սաղաթելյանը թվեր է խոստանում, որ իմ ընկալմամբ՝ կուսակցության թվերի մասին է, էդպես է գրված։ Օրինակ, Գառնիկ Դանիելյանն էր այն մարդկանցից մեկը, որ Վազգեն Գալստանյանի կեցավայրի խուզարկության օրը հայտարարեց, որ ինքն է այդ տան վարձի փողը տալիս։ Այսինքն՝ մի վայրի վարձի փող, որտեղ ահաբեկչությունն է կազմակերպվում, տալիս է ԱԺ պատգամավորը։ Ի՞նչ է անում դատախազությունն այս հանգամանքների բերումով, որովհետև ես ինձ ապահով չեմ զգում ԱԺ դահլիճում տեսնել մարդկանց, որոնք էս խոսակցության ակտիվ մասնակից են եղել»,- հարց ուղղեց Հովհաննիսյանը։

Վարդապետյանը նշեց՝ Արթուր Սարգսյանի մասնակցությունը շատ ակտիվ է և ներգրավված, մի քանի օրերի ընթացքում հնարավոր է եղել բավարար ապացույցների ծավալ կուտակել ԱԺ գալու համար։ Շեշտեց՝ եթե վարույթի շրջանակներում կպարզվի որևէ այլ անձի մասնակցություն ևս, դատախազությունն օր առաջ գալու է ԱԺ նաև նրա հետևից։ Աննա Վարդապետյանի խոսքով՝ քննությունն ինտենսիվ առաջ է գնում, քննչական մեծ խումբ է աշխատում։

Sputnik Արմենիա