ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Սլովակիայի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին հարցմանը
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Երևանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայաստանյան այցի ընթացքում պարզաբանումներ պահանջել է երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների և Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։
2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանին երկու անգամ մեղադրել է Ադրբեջանի տարածքները «օկուպացնելու» մեջ, ինչին Երևանը պաշտոնապես (առնվազն հրապարակային) չի արձագանքել։
Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք` Հայաստանի պաշտոնյաները ճշտե՞լ են՝ Կալինյակի (Ֆիցոյի կուսակցի) ասածը նրա անձնակա՞ն տեսակետն է, թե՞ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը:
Բացի այդ, հարցրել էինք` արդյոք Բրատիսլավայի հետ քննարկվել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես DITA հաուբիցների ընթացիկ վաճառքի հարցը:
Այսօր առավոտյան գրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն շուրջ մեկուկես ամիս է, ինչ չի պատասխանում այդ հարցմանը։
Մեր հրապարակումից հետո նախարարությունն այնուամենայնիվ արձագանքեց։
«Սլովակիայի վարչապետի հետ հանդիպումների վերաբերյալ հանրային անհրաժեշտ ծավալով տրվել են մամուլի հաղորդագրություններ, իսկ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը ներկայացված է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ելույթում»,- պատասխանել է ԱԳՆ–ն։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրության տեխնիկայի առաջին մատակարարումների մասին հայտնել էին դեռ 2024 թվականի սեպտեմբերին։
Բաց աղբյուրներում հասանելի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2025 թվականին մատակարարումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում էր մայիսի վերջին, մասնակցում էր «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր համագործակցություն հաստատել, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Sputnik Արմենիա