Արթուր Սարգսյանին ազատազրկելու միջնորդությունը բավարարվեց․ կալանքի հարցը կքննի դատարանը
ՀՀ Ազգային ժողովը բավարարեց գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ համաձայնություն տալով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու համար։ Ավելի վաղ պատգամավորները քվեարկությամբ բավարարել էին գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։
ԱԺ 107 պատգամավորներից 62-ը կողմ քվեարկեցին գլխավոր դատախազի միջնորդությանը։ Նշենք, որ Սարգսյանի հարցի քննարկմանն ու քվեարկությանը ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել։
Հիմա արդեն Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունը կքննի դատարանը։
Նշենք, որ մինչ ԱԺ-ն քննում էր Սարգսյանին ազատությունից զրկելու միջնորդությանը համաձայնության տալու հարցը, Արթուր Սարգսյանն իր կամքով Քննչական կոմիտեի մոտ էր եկել՝ վստահությամբ, որ կալանավորման որոշումն արդեն վաղուց կա։
Sputnik Արմենիա