Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. նա հրաժարվել է ցուցմունք տալուց

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա այդ մասին հայտնեց լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օհանյանը ՔԿ է հրավիրվել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։

«Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար, այդ մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել։ Օգտվելով իմ իրավունքից` ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է ներկայացվի` ներկայացել եմ»,–ասաց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ ելնելով իր առողջական վիճակից` իշխանությունները պետք է այս ամենը հետաձգեին, բայց մեկնաբանել են, որ ինքը առողջական խնդիրներ չունի։

«Վերջին 1.5 ամսվա ընթացքում` մայիսի 22–ից մինչև հունիսի 1–ը մեկ անգամ նախաինստուլային վիճակ է եղել ինձ մոտ»,–ասաց Օհանյանը։

Sputnik Արմենիա