ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով փոփոխությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
ՀԷՑ-ը դիմել էր հաստատման՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագիրը փոփոխելու համար` մասնավորապես 2025 թվականի մասով առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամից մինչև 53.98 միլիարդ դրամ։ Ներկայացված ներդրումային ծրագրի փոփոխության անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել էր հաստատված ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
«Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության ներկայացրած հաշվարկների` առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI), զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ հանձնաժողովի` այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:
«Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափը ավելի քան 2 միլիարդ դրամով: Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար»,– նշում է ՀԾԿՀ–ն:
Հանձնաժողովը կարծում է, որ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը և ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը, կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման։
«ՀԾԿՀ-ն ընդգծում է իր օրենսդրական պարտավորությունը՝ հավասարակշռել սպառողների շահերը կարգավորվող կազմակերպությունների շահերի հետ: Արդյունքում հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ ընկերության առաջարկած փոփոխությունները չեն կարող ապահովել այս անհրաժեշտ հավասարակշռությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովի որոշումն ընդունվել է 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ (հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը ներկայացրել է հատուկ կարծիք)։
Sputnik Արմենիա