Փաշինյանն ու ԱՄԷ նախագահը խոսել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը և հնարավորինս շուտ ստորագրման հույս հայտնել: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման և միջազգային անվտանգությանը նպաստելու գործում:

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության։

Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Sputnik Արմենիա