Պահանջում ենք դադարեցնել ապօրինի գործընթացը․ ՀԱԿ-ը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին

Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։ ՀԱԿ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է՝ ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։

Շեշտում են՝ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։ Ու դա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։

ՀԱԿ-ն ընդգծում է՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը բացահայտ անօրինական է։ Պահանջում են դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։

«Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որևէ դրույթ չի պարունակում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայ ազգային կոնգրեսը դիմում է իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Միաժամանակ, ՀԱԿ-ը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է նաև, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Պահանջում է դադարեցնել ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։

Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։

Sputnik Արմենիա