Ժերար Ռայիսյան. Փաշինյանն իրականացնում է «նեոօսմանյան երազանքի» վերածննդի թուրք-ադրբեջանական ծրագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարձակումներ է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա, դավաճանել է Հայաստանի շահերը և շարունակում է իրականացնել ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված արտաքին օրակարգը, РИА Новости-ին հայտարարել է սիրիահայ պատմաբան Ժերար Ռայիսյանը։
«Շարքային հայերից ոչ ոք չէր սպասում, որ ժողովրդին երդված վարչապետը կգնա նման խայտառակ կապիտուլյացիայի՝ փաստացի դավաճանելով երկրի շահերը և դառնալով արտաքին ազդեցության գործիք», - ասել է Ռայիսյանը։
Ըստ պատմաբանի, այսօր տեղի ունեցողը շատ ավելի խորը ռազմավարության ընդամենը արտաքին պատյանն է։ «Հայաստանի վարչապետը ներգրավվել է թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման մեջ, որն ուղղված է նեոօսմանյան երազանքի՝ թյուրքական ժողովուրդներին Թուրքիայից մինչև Չինաստան ձգվող միասնական աշխարհառազմավարական տարածքում միավորելու վերածննդին», - պարզաբանել է նա։
Պատմաբանը ենթադրել է, որ հենց այս գաղափարն է նախկինում դարձել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հողերի զավթման և հայրենիքից բռնի տեղահանման պատճառը։
Նրա կարծիքով, Հայաստանը պատմականորեն կանգնած է նեոօսմանյան նախագծի ճանապարհին, և այդ պատճառով դարձել է դրա գլխավոր զոհը։ «Ես համոզված եմ, որ նման գործողությունները իշխանության սեփական նախաձեռնությունը չեն, այլ արտաքին սցենարների իրականացում, որոնց նպատակը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումն է, այլև ազգային միասնության, պատմական հիշողության և սեփական ինքնության պաշտպանության հարցում հայերի սկզբունքային դիրքորոշման ոչնչացումը», - նշել է Ռայիսյանը։
News.am