Գլենդելում հայերը հանրահավաք են արել

Հուլիսի 13-ին Գլենդելում, Հայաստանի հյուպատոսության դիմաց, տեղի ունեցավ «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու և ընդդեմ Հայաստանում լայն թափ առած անհիմն ու ապօրինի բռնաճնշումների։

Լոս Անջելեսի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ համայնքային, հոգևոր ու հասարակական գործիչներ, ելույթներով պահանջեցին անհապաղ դադարեցնել Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների, ազգային բարերարների և ազգային դիմագիծ ունեցող գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև ազատ արձակել ներկայումս կալանքի տակ գտնվողներին։
Ելույթներում շեշտվեց, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը համահայկական առաջնահերթ խնդիր է, իսկ պետության ցանկացած ոտնձգություն հայ սփյուռքը դիտում է որպես հարված ողջ ազգային ինքնությանը։ Մասնակիցները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հայությունը միասնական է և պատրաստ կանգնելու իր հոգևոր արժեհամակարգի կողքին, քանզի յուրաքանչյուր հարված եկեղեցուն ընկալվում է որպես հարված հայության սրբություններին։

Տեղի ունեցած հանրահավաքը Լոս Անջելեսի հայության կամքի դրսևորում էր՝ աննկուն ու անդադար, որը չի լռելու, քանի դեռ հավատն ու արդարությունը չեն վերադարձել հայրենի տուն։

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

«Փաստինֆո»