Անիմաստ է․ արցախցիները չեն կարողացել համաձայնության գալ կառավարության հետ

Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումը պլանավորածից էլ երկար է տևել։

«Բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չեղավ։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է»,- նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։

Ստեփանյանը շեշտեց՝ այսօրվա դրությամբ հասկացան մի բան՝ արցախցիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չէ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ երբ կառավարությունն ընդգծում է, թե բնակապահովման ծրագիր են գործարկել, հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մարդկանց ժամանակ է պետք այդ ծրագրից օգտվելու համար։ Ժամանակ է պետք, օրինակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Ստեփանյանի տվյալներով՝ այս պահին տրամադրվել է 1900 սերտիֆիկատ, որից մոտ 300-400-ն է իրացվել, որովհետև սերտիֆիկատն իրացնելու համար էլ է ժամանակ հարկավոր։

Sputnik Արմենիա