ԱԺ ընդդիմությունը ՍԴ դիմում է ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» օրենքը
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ–ը «խլելու» վերաբերյալ ՀՀ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցը նշում է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն ժամանակ միջնորդել են, որ իրենց դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։
Դիմումը ներկայացվել է հուլիսի 11–ին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել` թեև համապատասխան որոշման համար օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»–ի հետ զրույցում նշել է, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձևակերպումներ։
Պատգամավորի խոսքով` առաջին հերթին անդրադարձել են սեփականության իրավունքին։
Նա տեղեկացրել է, որ 2–րդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների համար ենթարկվել պատասխանատվության։
Դիմումում նշված 3–րդ խումբ հարցերը վերաբերում են Սահմանադրությամբ նախատեսված` ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներին։
Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն։