Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է համաժողով անցկացնել ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

Ռուսաստանի հայերի միությունը միջազգային առցանց համաժողով կանցկացնի ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ինքը զանգեր է ստանում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերից, որոնք վրդովված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։

«Ինձ զանգահարում են աշխարհի տարբեր երկրներից, «Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս է դա հնարավոր»։ Որովհետև շատերը վախենում են Հայաստան գալ։ Ես մտադիր եմ համահայկական համաժողով կազմակերպել՝ ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտի», – հայտարարել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ իրական հավատացյալները չպետք է վախենան հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու և իրենց կարծիքն արտահայտել այս հարցի վերաբերյալ։

Աբրահամյանը նաև հիշեցրել է, որ հայկական սփյուռքի կազմակերպություններից մեկի՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարն է, այդ կառույցը ևս կմասնակցի ապագա համաժողովին։

ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցերում արված հրապարակումներից հետո, որոնցում նա չափազանց կոշտ արտահայտություններ արեց և մեղադրանքներ հնչեցրեց բարձրագույն հոգևորականության հասցեին։ Ավելի ուշ նա առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ ենթադրելով, որ այս գործընթացում պետք է ամրապնդվի պետության որոշիչ դերը։

Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ստանձնել Մայր աթոռի «ազատագրումը»։

Sputnik Արմենիա