Արցախի պետնախարարը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել
Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
«Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացն ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։ Պարոն Իսկանդարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն»,– ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը Իսկանդարյանին ՔԿ կանչելը քաղաքական հետապնդում է որակել` ընդգծելով, որ սա հարված է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլև Արցախի պետական ինստիտուտների ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանն ու կենսունակությանը։
Sputnik Արմենիա