Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է Հակոբյանի որդին` Սամվել Հակոբյանը։
«Պատասխան եք տալու։ Իշխանությունը հավերժ չէ»,–գրել է Ռուբեն Հակոբյանի որդին։
Ավելի վաղ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շաբաթներ առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս պայմաններում առողջ տրամաբանության ներքո անհնար է խոսել «կոչ» երևույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։
Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորը ձերբակալվել է հուլիսի 18–ին` 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազը որոշել էր Հակոբյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Sputnik Արմենիա