Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին կանչել են դատախազություն
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հուլիսի 24–ին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,– ասված է դատախազության ծանուցագրի մեջ:
Հուլիսի 24–ին ՀՀ գլխավոր դատախազություն կներկայանան Արմեն Գևոգյանը, կինը` Թամարա Գևոգյանը, զավակները` Իռեն, Էմիլ, Էրիկ Գևորգյանները, Արմեն Գևոգյանի հայրը` Անդրանիկ Գևորգյանը և մայրը` Ժաննա Գևորգյանը։
Նշենք, որ այս տարվա հունիսի 3–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ (շուրջ 5 մլրդ ՀՀ դրամ)։
Հիշեցնենք նաև՝ դեռևս 2021 թվականին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Sputnik Արմենիա