ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ

Պաշտոնական Երևանը հասարակությանը հակասական է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլը։ Մերթ լսում ենք Նիկոլ Փաշինյանից, թե Ալիևի հետ հանդիպումների ժամանակ իրենք ընդամենը անց են կացնում ճանաչողական զրույցներ և համատեղ ուսումնասիրում հակամարտության ու բանակցային գործընթացի պատմությունը, մերթ Փաշինյանը ինտրիգող հայտարարություն է անում այն մասին, թե Երևանի իշխանություններն ադրբեջանական կողմի հետ քննարկում են կարգավորման մի տարբերակ, որը նախկինում երբեք չի եղել հայկական բոլոր նախորդ իշխանությունների օրակարգում

Հայ քաղաքական ուժերի արձագանքը տարբեր է։ Խորհրդարանական կուսակցություններն իրենց անտարբեր են պահում, իսկ Նաիրա Զոհրաբյանն ընդհանրապես հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում չարժե նոստրադամուսներ լինել, պետք է սպասել, թե երբ է հայտնվելու ավելի մանրամասն տեղեկատվություն։

Ոչ բոլոր փորձագետներն են համամիտ նման դիրքորոշմանը, շատերը նշում են, որ պետք է տագնապ հնչեցնել արդեն հիմա, քանի դեռ աշխատանք է տարվում նոր գաղափարների վրա, եթե իհարկե տարվում է։ Փորձագետների մտավախությունները համընկնում են նրանում, որ կարգավորման նոր տարբերակը վերջնականապես մշակելուց և հակամարտության կողմերին ներկայացնելուց հետո Երևանը կարող է հայտնվել մի անշահավետ վիճակում, երբ ստիպված կլինի հրաժարվել նոր առաջարկներից, դրանով իսկ դառնալով բանակցությունների ոչ կառուցողական կողմ։ Մինչդեռ այդ դերն արդեն ավելի քան 20 տարի, սկսած միջնորդների առաջարկած կարգավորման տարբերակից՝ «Ընդհանուր պետություն» անվանումով, կատարել է պաշտոնական Բաքուն։ Եվ դա ոչ մի կերպ չի նպաստել աշխարհում ադրբեջանական իշխանությունների համար դրական իմիջ ստեղծելուն։ Ընդհակառակը, ձեռնտու է եղել հակամարտության հայկական կողմերին, ինչն էլ արդյունքում հանգեցրեց նրան, որ 2007 թվականին բանակցությունների սեղանին հայտնվեցին ներկայումս չափազանց քննադատվող Մադրիդյան սկզբունքները, որտեղ, պետք է ընդունել, առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է սահմանվի նրա քաղաքացիների կամարտահայտության իրավաբանական ուժ ունեցող արդյունքների հիման վրա։

Մի շարք փորձագետներ համարում են, որ իրադրությունն այսօր կարող է փոխվել 180 աստիճանով, և ոչ կառուցողական կողմի դերում կարող են հայտնվել Երևանը կամ Ստեփանակերտը։ Նման ենթադրությունների հիմք է ծառայում, մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը տրամադրված է դրականորեն և նման ազդանշաններ են ակնկալվում հայկական կողմից

Ինչևէ, քանի դեռ խորհրդարանական ուժերը «հանգստանում են», արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ արձագանքեցին շատ կտրուկ։ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.

«Ոչ հեռավոր անցյալում հայտնաբերված և մարդկությանը ստրկացնել ու

կործանել փորձող Ամերիկա կոչվող պետությունն, իր մորթապաշտ և տգետ բոլթոններով, երբեք չի՛ կարող հինավուրց և քրիստոնյա հայ ազգի բնօրրանի՝ հայկական բարձրավանդակի՝ հերոս հայորդիների արյան գնով ազատագրված սուրբ հողից թեկուզ մի թիզ հանձնել «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևի շրջանակներում:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իշխանությունը պահպանելու ընդամենը երկու հստակ տարբերակ ունի.

Առաջին. պետք է ամեն ինչ անի, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Նախիջևանը, և ո՛չ էլ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ չսկսեն և, իշխանավարության ողջ ընթացքում, Հայաստանի համար նվազագույնը պահպանի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» այսօրվա կարգավիճակն ու Արցախի ազատագրված տարածքները

Եվ, երկրորդ, եթե Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ կամ Ադրբեջանը, կամ Նախիջևանը, կամ Թուրքիան պատերազմական գործողություններ սկսեն, Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս Փաշինյանի, պարտադիր պետք է ամբողջությամբ հաղթանակած դուրս գա այդ պատերազմական գործողություններից։

Հենց այս պահից՝ Նիկոլ Փաշինյանն ի՛նքը պետք է կնքի «քաղաքացիական պայմանագիր» Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ՝ պարտավորվելով պահպանել այն, որի գլխավոր դրույթները պետք է լինեն վերոնշածս երկու տարբերակները: Մեկնարկը տրվեց»:

Հատկանշական է, որ Արցախի շուրջ զարգացումների հարցում ահազանգ են հնչեցնում նաև այն քաղաքական ուժերը, որոնք հիմնականում աջակցում են Հայաստանի նոր իշխանություններին։ Դա միայն «Սասնա ծռերը» չեն։ Մարտական Խաչի շքանշանակիր, Արցախում Նիկոլ Փաշինյանի հետևողական զինակիցներից մեկը՝ Վահան Բադասյանը նույնպես իր վերջին հարցազրույցներից մեկում չի թաքցնում հիասթափությունը պաշտոնական Երևանի բանակցային քաղաքականությունից։ Ուշադրություն չդարձնելով Նիկոլ Փաշինյանի հանգստացնող մանտրաներին, Բադասյանը հաստատում է, որ «հաղթող կողմին տանում են հանձնելու»։ Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «հողերը հանձնելու ամենամոլի կողմնակիցներից մեկին»՝ Վլադիմիր Կարապետյանին Փաշինյանը վերցրել է որպես մամլո քարտուղար։ «Դա մեծ հարված է՝ ուղղված Արցախի հարցին»,-ասում է Բադասյանը։

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն իր հերթին մեջբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերն այն մասին, որ «հակամարտության կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից անցնելու գործին»։ Ռուստամյանի կարծիքով, Հայաստանն այսօր դարձյալ գտնվում է ճամփաբաժանին, ինչպես 90-ական թվականների սկզբին։ «Մենք լիարժեք կաջակցենք իշխանություններին, եթե նրանք հավատարիմ լինեն «զարգանալ` չզիջելով» մոտեցմանը: Իսկ եթե ընտրվի այլ` զիջումների կործանարար ճանապարհը, մենք կտրուկ դեմ հանդես կգանք և կանենք հնարավոր ամեն բան ներկայիս իշխանությունների հրաժարականի համար»,-հայտարարեց Ա.Ռուստամյանը։

Նշենք, որ բանակցային գործընթացի ներկայիս փուլի առնչությամբ վերոնշյալ մեկնաբանությունների համար հիմք են հանդիսանում առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների փարիզյան չորսժամանոց բանակցությունների չհրապարակված արդյունքները։ Բանակցություններ, որոնցից հետո միջնորդները հանդես եկան հայտարարությամբ, թե իրենք սատարում են այն քայլերը, որոնք հակամարտող կողմերը մտադիր են ձեռնարկել «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցների ընդունման» համար։ Ինչպես նշում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, նման հայտարարությունը կարող է նշանակել միայն մեկ բան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով մշակվել է կոնկրետ համաձայնության նախագիծ, որն ընդունելուն պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները։

Основная тема:
Теги: