ՇԻՆԴԼԵՐԻ ՀԱԿԱՑՈՒՑԱԿԸ

Օրերս Analitik.am կայքում հայտնված հրապարակումը՝ «Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնը, Երգի պետական թատրոնը և մի շարք այլ ՊՈԱԿ-ներ լուծարվելու են» երկարաշունչ վերնագրով, անհուսալիորեն փչացրեց նույնիսկ այն մշակութային գործիչների շաբաթավերջը, որոնք չէին մտել «Շինդլերի ցուցակ»։ Թեպետ, փոխաբերությունը կոռեկտ չէ։ Շինդլերի ցուցակը փրկության ցուցակ էր։ Մշակույթի նախարարությանը՝ մահվան։ Այսպես թե այնպես պարզ է, որ օպտիմալացված, բայց լավատեսությամբ առլեցուն մշակույթի նախարարությունը չի պատրաստվում կանգ առնել նվաճածի վրա։

«Ո՞ր անասունն է նման բան մտածել». այսպիսին էր առաջին մեկնաբանությունը նյութի տակ, որն արագ և տխուր հայտնիություն ձեռք բերեց մշակութային շրջանակներում։ Եվ այսպես, Analitik.am-ը աշխարհին ներկայացրեց մշակութային ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ճիշտ 20 անունից բաղկացած ցուցակ, որոնցից ոմանց կառաջարկվի օպտիմալացվել, այսինքն միաձուլվել, իսկ ոմանց՝ պարզապես պառկել քրիզանթեմների տակ։

Այդ բացառիկ փաստաթղթի տակ ստորագրություն չկա, դրա համար էլ որպես փրկիչ տարբերակ մնում էր այն, թե դա չկամների օդ կրակած սուտն է. պետք է ստուգել։ Սկսեցինք զանգել։ Մշակույթի նախարարության ծրագրերի ղեկավարը իմաստնաբար գտնվում էր արձակուրդում և ոչինչ չգիտեր. չկամների տարբերակը փոքր-ինչ խամրեց։ Մշակութային գերատեսչությունից միջին պատասխանատվությամբ օժտված ևս երկու անձինք հայտնեցին, որ, մեկի դեպքում՝ մի քանի ամիս առաջ նման խոսակցութուններ եղել են, մյուսի դեպքում՝ որ Պետֆիլհարմոնիան իրոք ծրագրում են վերափոխել համերգային կենտրոնի, դրա թևի տակ միավորելով բոլոր երգող-պարողներին

Հիմա հավանաբար ՊՈԱԿ-ների տնօրեններից շատերը սեղմում են բռունցքներն ու ցանկանում ավելի ցավոտ հարվածել պատերինՉէ՞ որ դեռևս անցած տարվա սեպտեմբերին էր մշակույթի օջախներ եկել հերթական մրոտվածքը նախարարությունից, որի մոտ արդեն սովորություն է դարձել թուղթ մրոտել «հանճարեղ» մտահղացումներով, որոնց վրա իրենք ծիծաղում էին ու հարցնում. «Ո՞ր ապուշն է այսպիսի բան մտածել»։ Քանզի «փաստաթուղթն» իրենից ներկայացնում էր աղյուսակ, որն անհրաժեշտ էր լրացնել։

ՊՈԱԿ-ի անվանումը՝ ենթադրենք, թատրոն։ Այնուհետ դրա գործառույթները՝ համառոտ, ինչն առանձնակի զվարճացնում էր։ Իսկ հիմա զվարճանալու ցանկությունը վերացել է։ Քանզի գլխավոր դժգոհությունը նրանց նկատմամբ, ում պատրաստվում են բացառել զենք կրելու ընդունակների ցանկից, «գործառույթների կրկնությունն»է։

Որպես օրինակ, Մոսկվայում, բացի Մեծ Թատրոնից, կան նաև «Հելիկոն օպերան», «Նոր օպերա» թատրոնը, Պոկրովսկու անվան երաժշտական կամերային թատրոնը, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը, Գ.Վիշնևսկայայի օպերային երգեցողության կենտրոնը. թվարկումը կարելի է շարունակել։ Եթե նրանք լրացնելու լինեին մեր նախարարության ուղարկած աղյուսակը, ապա բոլորը «գործառույթներ» կետի առջև կնշեին՝ «օպերային ներկայացումների բեմադրություն»։ Եվ բոլորն էլ կուղարկվեին ուտիլացման, որպես գործունեություն կրկնորդներ և հարկատուների փողերն ուտողներ։ Բայց այնտեղ ոչ մեկի մտքով նման բան չի՛ անցնում։ Նրանք պարզապես ապրում ու հպարտանում են ձևերի բազմազանությամբ, մեծ ու փոքր տաղանդների բազմազանությամբ, որոնց ներկայությունը անկրկնելի նրբերանգներ է հաղորդում մշակութային համայնապատկերին։

Փոխարենը՝ մե՛ր մտքով անցավ։ Եվ հիմա՝ Երաժշտական կամերային թատրոնը կցել օպերետային, Խամաճիկների թատրոնը՝ Տիկնիկայինին։ Բայց ինչո՞ւ մեր հարևան վրացիների գլխում միտք չի ծագում որևէ տեղ խցկել Ռեզո Գաբրիաձեի խամաճիկների թատրոնը, եզակի մի թատրոն, որն ազգային բրենդ է դարձել։ Եվ ինչո՞ւ է մեր գլխում միտք ծագում ինչ-որ տեղ խցկել Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի վաստակը կգերկշռեր բոլոր «բարեփոխիչների» տեսակարար կշռից՝ միասին վերցրած, երբ իրենք դեռ չէին էլ ծնվել

Գալիք օպտիմալացումը, եթե հավատանք մշակույթի նախարարությանը, շոշափելու է արվեստի գործնականում բոլոր ոլորտները։ Շինդլերի հակացուցակ են ընկել երաժշտական և պարային համույթներ, թանգարաններ, թատրոններ, կինոստուդիան և նույնիսկ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ստեղծագործական կենտրոնը։ Եվ ինչն է ուշագրավ. այստեղ ներառված չեն այն ՊՈԱԿ-ները, որոնք տեղավորվում են նախարարության «կրկնորդական» տրամաբանության սահմաններում, բայց չեն տեղավորվում Նազենի Ղարիբյանի անձնական տրամաբանության շրջանակներում։ ՊՈԱԿ-ները միաձուլելու ցանկացած առաջարկություն, որտեղ նախարարի պաշտոնակատարն անձամբ աշխատանքի է նշանակել իր սրտին մոտ մարդկանց, առաջացնում են բնորոշ, այսպես ասենք՝ ծայրաստիճան նյարդային արձագանք։

Սակայն բացի օպտիմալացումից, ինչպես հետևում է «մրոտվածքից», կա նաև լուծարում։ Եվ եթե Կամերային թատրոնի և Երգի թատրոնի առումով ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է (հաջողված բիզնես-ծրագրեր են և հարկ չկա, որ դեռ մի բան էլ խեղճ պետության հաշվին ճարպակալեն), ապա լուծարման ենթակաների ցանկում Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնի հայտնվելըառավել հասկանալի է։ Այն հիմնավորումը, թե իբր «Համազգայինը», ինչպես սովոր ենք այն անվանել, օգտվում է ԹԿՊԻ-ի տարածքից և հետևաբար կարող է դառնալ ուսանողական փորձարարական թատրոնի մաս, չի դիմանում ոչ մի քննադատության։ Փոխարենը լիովին պարզ է, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել։

Այն, որ Նազենի Ղարիբյանի կամքին չենթարկվելը թատրոնի քթով էր գալու, պարզ էր դեռևս թատրոնի շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ։ Շատերն էին սպասում, որ զրկելու են դոտացիայից, իբր՝ գնացեք ՀՅԴ-ի «Համազգայինի» գիրկը, որին կից բացվեցիք ժամանակին։ Այդ օրն էլ տեսան։ Լավ է, որ չտեսավ լուսահոգի Սոս Սարգսյանը։ Այժմ, եթե մշակույթի նախարարության ազդարարված մտադրություններն իրականանան, համազգայինցիներին կմնա թատերախումբ հրավիրել Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանին՝ որպես դժբախտության բախտակից և անձնական հավակնությունների զոհ։

Կարելի՞ է արդյոք Նամիբիայի հիմբա ցեղի մերկ ներկայացուցչին բացատրել Գյոթեի «Ֆաուստ»-ի վսեմությունը։ Անիմաստ գործ էՈւստիև ավելի լավ է ամեն ինչ ավելի պարզ ասել։ Մշակույթը ղեկավարող մարդիկ, չգիտես ինչու տանել չկարողանալով ո՛չ այդ մշակույթը, ո՛չ նրա գործիչներին, դեռ մի բան էլ շարունակում են համառորեն սավառնել դրա վերևում, կտցահարելով մշակույթի աչքերը, լյարդն ու սիրտը։ Տղե՛րք, չլինի՞ թե մեկ անգամ արդեն վախեցած լինելով սեփական օպտիմալացումից, հիմա էլ վախենում եք գործազրկությունից։ Ինչ է, շա՞տ ֆիլմեր եք նայել և մտավախություն ունեք, թե հանուն մի կտոր հացի ստիպված եք լինելու քիլե՞ր դառնալ։ Մի՛ վախեցեք։

Ձեզ ոչ ոք քիլեր չի վերցնի։ Քիլերը պետք է ճշգրիտ աշխատի, իսկ դուք ամեն ինչ շփոթում ու խառնում եք բոլոր իմաստներով։ Իսկ եթե այնուամենայնիվ այդքան վատանում եք հայրենի մշակույթում ձևերի բազմազանության բուն գաղափարից, ապա պոկ եկեք նրանից։ Քամահրե՛ք։ Նայեք ձեր շուրջը, աշխարհում միշտ տեղ կա բարեփոխչական խելամիտ սխրանքի համար։ Ձեռնամուխ եղեք, և լրջորեն, իրավական դաշտի բարեփոխմանը։ Ստեղծեք օրենքներ հովանավորության, հարկային արտոնությունների և մնացյալ ամենի վերաբերյալ, ինչը արվեստագետին թույլ կտա ապրել առանց ձեզ։ Այնժամ նա ինքը, առանց հրելու, հեռու կփախչի ձեր հոգատար ուշադրությունից՝ չստերը կորցնելով։ Իսկ քանի դեռ դուք դա չեք արել, պո՛կ եկեք։ Քանզի լիակատար անձեռնհասությամբ լեցուն ձեր էնտուզիազմը հանցավոր է։ Եվ եթե մշակույթի ոլորտում գործազրկությունը ձեզ առանձնապես չի անհանգստացնում, ապա նոր արտ-գործող անձինք, որ պատրաստ են հացադուլ հայտարարել, դժվար թե բարձրացնեն ձեր տրամադրությունը։ Իսկ այդպիսի կոչեր արդեն հնչում են։

Основная тема:
Теги: