Կարող են բացել, բայց ոչ Երուսաղեմում

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատան բացումը: Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Այն, սակայն, Երուսաղեմում չի լինի:

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կցանկանար, որ Իսրայելն էր դեսպանատուն բացեր Երևանում, սակայն դա նախապայման չէ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացմանը:

Անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական սպառազինության վաճառքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի ԱՄՆ ու եվրոպական երկրների պես, որոնք զենք չեն վաճառում թե Հայաստանին, թե Ադրբեջանին:

«Մենք շատ հարուստ երկիր չենք և ստիպված ենք ՀՆԱ մի զգալի մասը հատկացնել հակազդելուն, երբ Ադրբեջանը ստանում է իր սարքավորումներն Իսրայելից:

Փոխնախարարը, սակայն, չի բացառել, որ Հայաստանը կարող է նույնպես համագործակցել Իսրայելի պաշտպանական ոլորտի հետ:

Հովհաննիսյանի խոսքով, հարաբերությունների բարելավման հարցում զենքի վաճառքը նախապայման չէ Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ «մի շարք երրորդ երկրներ նույն կերպ են վարվում»: