Ջանջուղազյանը արդարանում է

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի` վերջերս արված հայտարարությունը։ Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փաստաթղթում նշվում է, որ եթե 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ամբողջ հասարակայնությունը` մոտ 3 մլն ՀՀ քաղաքացիներ։

«Մենք որևէ բան չենք պատրաստվել երբեք թաքցնել, որևէ գաղտնիք չկա, հետևաբար որևէ բացահայտման մասին խոսելն ամենևեին էլ տեղին չէ», – ասել է Ջանջուղազյանը ՀՀ կառավարության լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում։

«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այ այսքան մարդ պետք է կրճատվի, այդ փաստաթղթի մեջ ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը կրճատման մասին է, միևնույն է, պետք է համեմատել այդ թիվը և նրանց, ովքեր կարող են շահել այդ ամենից», – ասել է նա։

Միաժամանակ նախարարն ավելացրել է, որ այս ամենը չի կարող վերաբերվել նրանց, ովքեր զբաղված են աշխատանքով, ստեղծում են արդյունք:

«Այդ փաստաթղթի իմաստն ամենևին էլ կրճատումները չեն: Նրանք, ովքեր խոսում են այդ մասին, գիտեն, որ դա ներառված էր նաև կառավարության ծրագրում: Խոսքը փող կրճատելու մասին չէ, փող խնայելու մասին չէ, այլ փող խնայելու միջոցով առավելագույն արդյունք ստանալու մասին է», – նշել է նախարարը։

«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ, քանի որ, իմ կարծիքով, բոլորը հետաքրքրված են, որպեսզի այդ մեծ ջանքով մեր երկրում գեներացվող միջոցները, որոնք գնում են պետբյուջե, օգտագործվեին առավելագույնս արդյունավետ։ Այս խնդիրը հետապնդում է հենց նման նպատակներ...Որպեսզի ծախսվող միջոցները տան ավելի լավ արդյունք», – պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարը։

Խոսելով այն մասին, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում նրան, որ մարդիկ կհայտնվեն կրճատման տակ` Ջանջուղազյանը նշել է, որ, անխոս, դրան չի կարելի է հանգիստ վերաբերվել։

«Պետք է կարողանանք որոշումներ կայացնել՝ մենք գնում ենք նեղ անձնային խմբային շահեր սպասարկելու՞, թե՞ դրանք մեծամասնության շահիին ստորադասելու ճանապարհով...Պետք է ընտրվեն լավագույնները, և նրանցից հնարավոր կլինի պահանջել բարձր որակի հասարակական ծառայությունների տրամադրում», – ընդգծել է նախարարը։