Արցախի ԱԳՆ ․ Ցավալի է, որ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում

Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը։ Այս մասին Armenpress–ին ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ մեկնաբանելով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը։

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինստիտուցիոնալ հիշողության բացակայություն և բացարձակ անտեղյակություն է ցուցաբերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և դրա շրջանակներում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ։ Նախ՝ ԵԱՀԽ Հելսինկյան լրացուցիչ հանդիպման 1992 թ մարտի 24-ի որոշման մեջ որևէ համայնքների մասին հիշատակում չկա, փաստաթղթում որպես շահագրգիռ կողմեր նշված են «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։

Երկրորդ՝ հակամարտության ձևաչափի և բանակցությունների կողմերի կարգավիճակի հարցը երկարատև քննարկումների առարկա է եղել, որն անցել է զարգացման որոշակի ճանապարհ։ Արդեն 1993 թ Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ։ Տվյալ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 1994 թ հուլիսի 26-27-ը Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

Բուդապեշտի գագաթաժողովից հետո ադրբեջանական կողմի՝ հակամարտության կողմերի թեման կրկին շահարկելու փորձերին ի պատասխան՝ ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչը 1995 թ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու անդամ պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։

ԵԱՀԿ Գործող նախագահի Պրահայում արված ամփոփումը չափազանց հստակ է և սողանցք չի թողնում ադրբեջանական կողմի համար՝ կամայականորեն և միտումնավոր կերպով մեկնաբանելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բանակցային ձևաչափի վերաբերյալ ԵԱՀԿ որոշումները։

Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա:

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:

Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,– ասել է Արտակ Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են արել ձեռնպահ մնալ միակողմանի կարգով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջից՝ առանց մյուս կողմի համաձայնության։ Ավելի վաղ՝ մարտի 6-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առանց ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև կոնսենսուսի ձեռքբերման անհնար է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, որը հաստատվել է 1992 թ. Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ։ Պաշտոնական Բաքվի պնդմամբ, ըստ այդ որոշման՝ «Հայաստանը և Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները՝ որպես շահագրգիռ կողմեր»։

Основная тема:
Теги: