ԳՐԵԹԵ ՄԵԿ ՏԱՐԻ՝ «ԱԶՆԻՎ» ԽՈՍՔԻ ՎՐԱ

Լավատեսությանը, և ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինանի, լոկ նախանձել կարելի է։ Համաձայնեք, պետք է անուղղելի լավատես լինել, կամ հումորի բավական մեծ զգացում ունենալ, կամ էլ կարողանալ այնքան վարպետորեն խաղացնել մատների վրա ուրիշներին (նայած թե ում ինչն է ավելի դուր գալիս), որպեսզի մեր կյանքի մասը դարձած, մայրաքաղաքում և մարզերում ամեն օր տեղի ունեցող բողոքի բազմազան ակցիաների պայմաններում հայտարարես, թե «եթե այսօր ընտրություններ տեղի ունենա, ես վստահ եմ, որ «Իմ Քայլը» դաշինքը կհաղթի, գուցեև ավելի բարձր ցուցանիշներով»։

Բայց հենց դա էր պնդում վարչապետը մամլո ասուլիսի ընթացքում, փորձելով հասարակությանը ներշնչել այն միտքը, թե «Հայաստանի անկախության պատմության ողջ ընթացքում իրավիճակն այնքան կայուն չի եղել, ինչպես հիմա»։ «Եվ սա ռեպրեսիվ կայունություն չի, ինչպես նախորդ իշխանության օրոք, այլ` ժողովրդավարական կայունություն է»,-մեթոդիկ կերպով մեր գլուխն էր խցկում Փաշինյանը։

Իշխանություններից հասարակության դժգոհության աճի մասին լրագրողների տարբեր ձևակերումներով տված հարցերից նա, պատկերավոր ասած, խուսանավում էր։ Հայաստանում չկա դժգոհության աճող ալիք, վրդովված հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքերով, աշխարհի ոչ մի երկրում ձայների մեծամասնություն հավաքած քաղաքական ուժին ընտրություններից մի քանի ամիս անց չեն հարցնում իշխանության նկատմամբ հասարակական վստահության մակարդակի մոնիտորինգի մասին։ Այստեղ, նկատեք, որպես հաշվետու շրջանի մեկնակետ վարչապետը վերցնում է դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունները։ Թեև նույնիսկ այս երեք ամսվա ընթացքում հասարակական տրամադրություններում առկա տարբերությունն ակներև է։ Հընթացս նշենք նաև, որ մոտավորապես մեկ ամիս անց «քայլողները» նշելու են «հեղափոխության» տարեդարձը, ինչի կապակցությամբ մտադիր էին նույնիսկ ապրիլի 23-ը հայտարարել տոնական՝ Քաղաքացու օր։

Ասենք, վարչապետը հաջողացրեց արդարացում գտնել նույնիսկ նախարարություններում և գերատեսչություններում աստղաբաշխական գումարի պարգևավճարների սկանդալային պատմությանը։ Նրա խոսքերով, «դա միայն օգուտ տվեց», քանի որ «հասարակական ճնշումն ու քննադատությունը գործիք ծառայեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար»։ Փաշինյանի դրածոներից, կառավարության անդամներից շատերը կանգնած էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմավորման ակունքներում, մեկ տարի առաջ նրա հետ միասին անցան ողջ ճանապարհը Գյումրիից Երևան։ Կաշկանդվա՞ծ է արդյոք Փաշինյանն այդ հանգամանքով, երբ որոշում է զբաղեցրած պաշտոններից ազատել նրանց, ում աշխատանքից հասարակայնությունը դժգոհ է։ Պարզվեց, որ ոչ։ Քանզի ի տարբերություն հասարականության, վարչապետը նրանց աշխատանքից չի դժգոհում և, ի տարբերություն հասարակայնության, կարողանում է տարբերել բացթողումները ձախողումներից, ինչին կոչում է նաև քաղաքացիներին։

«Օրինակ, սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ: Մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղեցնելու համար վարչապետը կամուֆլյաժով մտներ, հաներ, թե՞ հասկանայինք իրավիճակը ու քննադատությունն օգտագործեինք որպես արդյունավետության բարձրացման գործիք: Շատ պրոբլեմներ են եղել, բայց ես նախընտրում եմ գնալ երկրորդ ճանապարհով: Տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը փոխվել է… Այո, ՊԵԿ-ում պետք է աշխատավարձերը լինեն պատշաճ, դա ծառայություն է, որը մատուցվում է հանրությանը: Մենք չենք կարող հույս ունենալ, որ ցածր վարձատրվող պաշտոնյան կարող է բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը,-ասաց Փաշինյանը, ավելացնելով,- Ֆեյսբուքում ամեն օր ձախողում կա: Թեժ աշունն է գալու, թեժ գարունը, все пропало, клиент уезжает, гипс снимаем, բայց ձախողումներ չենք ունեցել, ունեցել ենք թերություններ ու էլի ենք ունենալու»։

Այդուհանդերձ նա չհապաղեց դեղին քարտ ցույց տալ իրավապահ մարմիններին, նշելով. «մեր հանրությունը մեզնից դժգոհ է` գողացածը վերադարձնելու գործում այդքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում, որովհետև եթե գործող մեխանիզմներով գնանք, կարող է տասնյակ տարիներ տևի»։ Փաշինյանը, նախկին պաշտոնյաներին խորհուրդ տալով ներկայանալ մեղայականով, հայտարարեց. «Մեր իրավապահ մարմինները շատ երկար ժամանակ չունեն, որպեսզի ինձ և հանրությանը ցույց տան, որ իմ արած հայտարարություններից անում են հետևություններ և գործում են օրինական ու արդյունավետ՝ ժողովրդից գողացվածը հետ բերելու ուղղությամբ: Եթե ես այստեղ չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն ես պետք է գնամ կոնկրետ քայլերի, որովհետև որևէ մեկը հույս թող չունենա, որ մենք այդ օրակարգը կմոռանանք»։

 Այն բանում, որ հաց ապահովել չկարողացող իշխանությունը չի մոռանա թամաշա խոստացող օրակարգը, ոչ մի կասկած չկա։ Չէ՞ որ զուր չէր Փաշինյանը խոսում առանց մեղադրական եզրակացության ունեցվածքի բռագանձման մեխանիզմի ներդրման մասին, «հիշելով» հանրության դժգոհությունը գողացածը վերադարձնելու դանդաղ տեմպերից։

Ցուցանշական է, որ հասարակայնության դժգոհությունն իր սոցիալական վիճակից և երկրում սոցիալ-տնտեսական փոփոխությունների տեմպերից վարչապետը պարզապես անտեսում է։ Կրկնում ենք, լրագրողների բազմաթիվ, ձևակերպումներով տարբեր, բայց էությամբ միանման հարցերն անգամ չստիպեցին վարչապետին ունքն էլ շարժել։ Ոչ, ու վե՛րջ։ «Ազգային ժողովի և կառավարության կայքերում կառավարության զեկույցն է հրապարակված, որտեղ ներկայացված է, թե ինչ և ինչ ծավալի փոփոխություններ են տեղի ունեցել երկրում։ Դուք խոսում եք հարցումների մասին, բայց իրականությունը բացարձակ այլ է։ Սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի վիճակին»,-ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով, որոշ ուժեր մշտապես խոսում են անկայունության, տուրբուլենտության, թեժ աշնան, ձմռան, գարնան մասին. «Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետևից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել»։

Վարչապետը համոզված է, որ Երևանում և մարզերում համարյա ամեն օր տեղի ունեցող բողոքի բազմազան ակցիաները վճարված են։ «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում ամեն օր կառավարության դեմ հակաքարոզչություն իրականցնելու համար։ Իսկ կառավարությունը դրա դեմ ոչինչ չի անում, քանի որ մեզ համար ազատ խոսքը հիմնարար արժեք է։ Այդ մարդիկ հայ ժողովրդի շրջանում չեն կարող աջակցություն ունենալ՝ միլիոններ ծախսեն, թե միլիարդներ», - ասաց Փաշինյանը։

Միաժամանակ, պատասխանելով մեկ այլ հարցի, որ նույնպես բողոքի ակցիաներին էր վերաբերվում, վարչապետը հայտարարեց. «Հիմա քաղաքացին սուբյեկտ է, և ինքը գիտի, որ սուբյեկտ է։ Պատկերացրեք՝ ջրի ամբարտակ՝ բռնաճնշումների, ռեպրեսիաների և կոռուպցիայի ամբարտակ, որը մարդկանց անընդհատ զսպել է։ Հիմա այդ ամբարտակը հեղափոխությունը ջարդուփշուր է արել և կուտակվածը հեղեղել է Հայաստանը, որովհետև մարդը զգացել է, որ ինքը սուբյեկտ է։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսել, ընդհակառակը՝ սա մարդու ինքնազգացողության փոփոխություն է։ Մարդիկ ասելիք ունեն և ասում են։ Իհարկե, շատ դեպքերում իմ կոչն է, որ այդ ասելիքն ասվի այլ քաղաքացիների հարգմամբ», - ասաց նա։

Անդրադառնալով սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, Փաշինյանը զարմանքով հարցրեց. «Հիփոթեքային վարկավորման հարյոր տոկոսանոց աճ է տեղի ունեցել, դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, թե՞ չէ»: Հերթական անգամ դիմելով սիրելի խաղաքարտի օգնությանը, վարչապետը դարձյալ բացեց արդեն հոգնեցրած խոսակցությունը նախորդ, վատ իշխանության մասին, որին, իր խոսքերով, շահեկան չէր աշխատատեղերի ստեղծումը, քաղաքացիների բարօրության աճը։ Զարհուրիկներն այդ վատ իշխանության մասին, ինչպես վարչապետին է թվում, ընդգծել են ներկայիս կառավարության «ճերմակ ու փամփլիկ» լինելը, և միաժամանակ հեշտացրել իր խնդիրը՝միայն ազնիվ խոսքի վրա հայտարարելու. տնտեսական հեղափոխությունը իրականություն է դառնալու։ Եվ նույն ազնիվ խոսքով էլ ստիպելու հավատալ, թե «Մենք էսօր ասում ենք՝ մենք չենք թալանի և կստեղծենք հնարավորություն, որպեսզի դուք աշխատանքով բարելավեք ձեր սոցիալական պայմանները»։

Այդպես էլ ապրում ենք՝ հույսներս դրած միայն «ազնիվ» խոսքի վրա։ Արդեն գրեթե մեկ տարի շարունակ

Теги: