ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի Գոլանի բարձունքների հետ կապված իրավիճակը

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը Գոլանի բարձունքներն ԱՄՆ-ի կողմից իսրայելական ճանաչելու առիթով տեղի կունենա չորեքշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրը, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ է դիմել Սիրիայի մշտական ներկայացուցիչը՝ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով,- ասել է նա,- մեր առաջարկությունն է՝ որպես ԱԽ նախագահի, այն այսօր անցկացնել բաց ռեժիմով, մինչ այդ նախաձեռնված փակ խորհրդակցությունների փոխարեն»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Վաշինգտոնում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների շրջանակում, ստորագրել է հռչակագիր Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։ Նման միակողմանի գործողությունների դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի ուրիշ երկրներ, այլ նաեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ եվրոպական առաջատար տերություններն ու ԱՄՆ դաշնակիցները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան։ Այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, Թրամփը հայտարարել էր անցած շաբաթ։

Теги: