ԱՆԿՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ 2019-2023թթ. «Երկրի գործընկերության շրջանակ» (ԵԳՇ) (Country Partnership Framework - CPF) ծրագիրը՝ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումով, կայուն և ներառող աճին, ինչպես նաև երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին: Այն հիմնված է 2018թ. ապրիլի «թավշե հեղափոխությունից» հետո նոր կառավարության ուրվագծած տեսլականի վրա և մարմնավորում է Հայաստանի զարգացման սահմանափակումների հաղթահարման և բարեփոխումների խորացման նոր քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների միջոցով»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն։

Բայց անհնար է լռել. արդեն այն փաստը, որ ՀԲ-ի նոր ծրագիրը «լիովին համահունչ է» Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրին, ավելի շատ մտավախություն է պատճառում, քան լավատեսություն ներշնչում։ Քանզի հայկական կառավարության ծրագրին համահունչ լինելը նախևառաջ նշանակում է լինել նույնքան վերացական, զուրկ կոնկրետությունից, ըմբռնելի նպատակներից ու հստակ ճանապարհային քարտեզից։ Մնում է հուսալ, որ այդ «համահունչությունը» այնքան էլ լիակատար չէ

Ասենք, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Ըստ էության Հայաստանին դրական պատասխան է տրվել նոր վարկի ստացման վերաբերյալ, ընդ որում բավական խոշոր՝ կես միլիարդ դոլարի։ Թե ինչպես են այդ միջոցներն օգտագործվելու կոռուպցիայի դեմ պայքարում կամ մարդկային կապիտալի ձևավորման գործում, առայժմ դժվար է ասել։ Միակ բանը, ինչի մասին կարելի է խոսել արդեն այսօր, դա այն է, որ այդ 500 միլիոն դոլարը էականանորեն կավելացնի երկրի պարտքի հանձնառությունները, պարտավորությունների ծավալը, որն այսօր էլ հասել է վտանգավոր եզրագծի։

Այստեղ նկատենք, որ նույնիսկ առանց ՀԲ-ի նոր ծրագրի, ֆինանսների նախարարի կանխատեսմամբ՝ պետպարտքն այս տարի կգերազանցի 7 միլիարդի նշագիծը։ Դեռևս անցած տարեվերջին Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2019 թվականի փոխառությունների ծրագիրը։ Ահա ուրեմն, համաձայն այդ ծրագրի, ընթացիկ տարում պետպարտքը պիտի ավելանա 490 միլիոն դոլարով։ Կրկնեմ, դա առանց նոր, վերը հիշատակված ՀԲ ծրագրի։

Այն ժամանակ՝ անցած տարվա դեկտեմբերին, նախատեսվում էր, որ 343 միլիոն դոլարի չափով խոշորագույն վարկը Հայաստանը կստանա Ռուսաստանից. 53,1 միլիոն՝ Ասիական զարգացման բանկից, 50,4 միլիոն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, 9,7 միլիոն՝ Զարգացման միջազգային ասոցիացիայից, 9,4 միլիոն՝ Եվրոպական ներդրումային բանկից, 7,5 միլիոն՝ Գերմանական բանկից, 7,3 միլիոն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Գումարած, ինչպես ասում են՝ մանր-մունրները. 2,8 միլիոն՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից, 200 հազար՝ ՕՊԵԿ-ի Զարգացման միջազգային հիմնադրամից և այլն։

Այստեղ նկատենք, որ ՀԲ-ն տվյալ ցանկում չկա։ Ավելին, ընդգծենք, որ ցանկում նշված են վարկային միջոցների միայն կանխատեսվող աղբյուրները, և բնավ փաստ չէ, թե համապատասխան գումարները համապատասխան կազմակերպություններից արդյունքում հաստատ կստանանք։ Հետաքրքիր է մեկ այլ բան. ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անմիջականորեն մատնանշել է, որ նոր վարկերն անհրաժեշտ են բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ «Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,-ասել է Ջանջուղազյանը։

Ըստ էության, նոր վարկերը Հայաստանին պետք են առաջին հերթին բյուջետային ճեղքերը փակելու համար։ Իհարկե, բյուջեի դեֆիցիտը, ինչպես ասում են, միշտ մեզ հետ է։ Բայց ակնհայտ է, որ դա հնարավոր կլիներ բավականաչափ կրճատել ներքին աղբյուրների հաշվին։ Ոչ, խոսքը նույնիսկ բյուջեի եկամուտների նոր աղբյուրների որոնման մասին չէ։ Խոսքն ընդամենը ծախսերը կրճատելու ցանկության բացակայության մասին է։ Մանրամասնորեն կանգ չեմ առնի նման ցանկության պակասի թեմայի վրա։ Կնշեմ միայն, որ պաշտոնատար անձանց ինքնապարգևատրման հետ կապված «հերոսապատումը» ակնառու հաստատումն է այն բանի, որ իշխանության մոտ բացակայում է ախորժակը չափավորելու, բյուջեի ծախսերն ու դեֆիցիտը սահմանափակել փորձելու ձգտումը։

Այո, ֆինանսների նախարարն իրավացի է, համարելով, որ երկրի տնտեսության ներկայիս վիճակի պայմաններում բյուջեի դեֆիցիտը նոր վարկերից բացի որևէ այլ կերպ փակելը իրագործելի չէ։ Միայն թե հաշվի չի առնվում, որ ծախսերի մեջ պետք է ավելի համեստ լինել։ Մանավանդ որ ծախսերի առումով անհամեստությունը զգալիորեն ավելացնում է երկրի պարտքի հանձնառությունները։ Ոմանց անհամեստությունից աճում են մյուսների պարտավորությունները։ Ի դեպ, եթե հաշվարկենք բնակչության ամեն շնչին բաժին ընկնող պետպարտքի գումարը, ապա ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այսօր պարտք է ավելի քան 2330 դոլար։ Եվ դա՝ չհաշված անձնական պարտքերը, անձնական վարկային պարտավորությունները բանկերի առջև։

Եվ ահա այս խորապատկերին թաղվում ենք նոր պարտքերի մեջԱյն մասին, որ այդ ուղին երկիրը տանում է դեպի դեֆոլտ, աղետ, չգիտես ինչու չէր խոսվում, երբ իշխանության ղեկին նախկիններն էին։ Բայց չէ՞ որ այսօր այդ ուղղությունը յուրացվում է վճռականորե՛ն։ Ավելին, արագություն ենք հավաքում։ Բայց դա բնավ թռիչքից առաջ հավաքվող այն արագությունը չէ, որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ։ Դա անկման արագությունն է։

Основная тема:
Теги: