«Ամերիկայի ձայնը»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում: Ներկայացնում ենք մի հատված հարց ու պատասխանից.

Մենենդես. Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից:

Սաթերֆիլդ. Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին:

Մենենդես. Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է:

Սաթերֆիլդ. Այո՛:

Մենենդես. Եվ դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր:

Սաթերֆիլդ. Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, և ես միանում եմ այդ հայտարարությանը:

Մենենդես. Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր:

Սաթերֆիլդ. Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է:

Մենենդես. Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերը առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ:

Սաթերֆիլդ. Ես պատմաբան եմ և լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից:

Մենենդես. Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման:

Սաթերֆիլդ. Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից:

Մենենդես. Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: և մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը:

Լսումների ընթացքում սենատորներ Շահինի և Մենենդեզի պահանջով ապագա դեսպանն անդրադարձավ նաև Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներին և Ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգերի գնման գործարքին:

Ըստ Սաթերֆիլդի, Անկարայի կողմից ռուսական զենքի գնումներն անհեռատեսական քայլ է. «Եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 համակարգերը, նրանք այլևս չեն կարող ձեռք բերել Ֆ-35 ամերիկյան մարտական ինքնաթիռները: Այլևս չի լինելու Փեթրիոթ համակարգերի վաճառք, եթե նրանք գնեն Ս-400: Սա լինելու է ոչ իմաստուն քայլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով», տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: