ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՆԵՐ
Վարչապետ Փաշինյանը խորհրդարանի հայեցողությանը թողեց անցումային արդարադատության մեխանիզմների մշակումն ու «սահմանների նախորոշումը»։ Իսկ ինքը չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ իր նախկին ելույթներում անփոփոխ կերպով սահմանափակում էր այդ ժամանակաշրջանը վերջին երկու տասնամյակներով, ասես փակագծից դուրս թողնելով ՀՀՇ-ի և առաջին նախագահի կառավարման ժամանակներում երկրի տնտեսական ներուժի փլուզման և պետական բարիքի վատնման անխոնջ գործունեությունը…
Օրինակ, ահա թե ինչ է վերջերս գրել այդ առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը. «Այս իրավիճակը հար և նման է Հայաստանի 90-ական թվականների կացությանը, երբ բառացիորեն մի քանի տարվա ընթացքում հեղափոխության և առաջադիմության լոզունգներով եկած քաղաքական ուժը դեգրադացվեց, պառակտվեց, իսկ արդեն 1995-96-ին թևակոխեց սահմանադրական կարգի պերմանենտ տապալումների, համակարգային կոռուպցիայի, միահեծան կառավարման, անվերջանալի քաղաքական սպանությունների ու հեղաշրջումների հորձանուտի մեջ: Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձեւով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի եւ քաղաքական սերտաճմանը եւ այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-ականների առաջին կեսում են: Բայց այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորապես կեսը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, եւ եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա եւ երես կթեքի իշխանությունից»։
Մեր կողմից հավելենք. բայց եթե դա չարվի, այսինքն չբացահայտվեն կոռուպցիայի և բազմաթիվ այլ չարաշահումների արմատներն ու ակունքները, ապա անցումային արդարադատության բուն գաղափարը կվարկաբեկվի, ստանալով «ընտրողականի» խարան։ Ընդ որում ինքը՝ իշխանությունը դժվար թե չի կռահում, թե որտեղ են թաքնված մեր այսօրվա դժբախտութունների, ընդհանուր բարիքը հափռելու գործում բավական ճարպիկ մեր որոշ հայրենակիցների հարստացման ակունքները, որոնք լիովին օգտվեցին անկախության առաջին տերիներին տիրող քաոսից ու խառնաշփոթից, երբ հասարակական-քաղաքական ողջ դրվածքի ձևափոխման այդչափ բարդ շրջանում երկրի կառավարման ղեկին կանգնեցին մարդիկ, որոնք չունեին ո՛չ այդ կառավարման փորձը, ո՛չ էլ փոքրիշատե կարգին գիտելիքներ այդ մասին, բայց փոխարենը արագ սովորեցին փոխարկել իրենց քաղաքական կապիտալը հնչուն ոսկու։
Իմ սերունդը հիշում է այդ ժամանակները և դրանց մասին գիտի բնավ ոչ լսածով։ Հիշում ենք, թե ինչպես էին մեր աչքի առաջ նվաստացնում ու դուրս մղում հայկական արդյունաբերության կայացման գործում ահռելի վաստակ ունեցող «կարմիր տնօրեններին», իսկ նրանց տեղում նշանակում ՀՀՇ-ի վերնախավի ներկայացուցիչներին, որոնք արտադրական ոչ մի փորձ չունեին։ Արտադրության կոփված գիտակների տեղում արդյունաբերական համալիրի ղեկին կանգնում էին հաճախ նույնիսկ միջնակարգ կրթություն չունեցող մարդիկ, որոնց պատկերացումները բիզնեսի մասին սահմանափակվում էին առաջին անհրաժեշտության իրերի մանր սպեկուլյացիայով։
Սեփականաշնորհումից բացահայտ քաղաքական հոտ էր գալիս։ «Սապֆիր», «Հայհաստոց», Չարենցավանի արյունաբերական համալիր, Քարակերտի քարաձուլման գործարան, «Քար և սիլիկատներ», Նուբարաշենի թռչնաֆաբրիկա, մայրաքաղաքի անվադողերի գործարան և պաշտպանական «Ավիակոմպլեքս», Դիլիջանի «Իմպուլս», Վանաձորի «Ավտոմատիկա», «Էլեկտրոն», ճշգրիտ հաստոցների գործարան և զարգացած քիմկոմբինատ, Իջևանի «Բենտոնիտ», Գյումրիի թեթև արդյունաբերություն, նույնիսկ տիեզերական արդյունաբերություն… Ըստ էության, հենց այն ժամանակ էլ կանխորոշվեց բոլոր այդ առանձին ձեռնարկությունների և տնտեսության ամբողջ բնագավառների ճակատագիրը։ Ավերմունքի հոսքագիծը գործի դրվեց 1990-ականներին, այնպես որ, երբ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր դժբախտությունների մեջ լկտիաբար մեղադրում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, գլխումդ միայն մեկ միտք է պտտվում. գոնե դու մի՛ խոսիր…
Հիմա նույնիսկ ամոթ է հիշել, որ ժամանակին փորձում էին կազմաքանդել Նոր Հաճնի «Սապֆիր» գործարանը որպես… մետաղի ջարդոն, նույնիսկ հաշվարկել էին, թե ինչքան փող կարելի է ստանալ ձեռնարկությունում առկա 14 հազար տոննա մետաղի վաճառքից։ Ընդ որում այդ փողերը ծախսվելու էին տեղի պաշտոնյաներին տալիք կաշառքների վրա։ 1990-ականներին ամեն ինչ գնահատվում էր ըստ իր մետաղատարության։
Կեղծ տենդերներ՝ նախապես հայտնի արդյունքով, բազմաթիվ հողակտորների սեփականաշնորհման չափազանց կասկածելի գործընթացներ, որոնք առ այսօր մնում են անմշակ և, համապատասխանաբար, ամլանում, ամայանում։ Այսօր հողագործության համար պիտանի հողակտորների մոտ 40%-ն ընդհանրապես չի օգտագործվում, այդ թվում նաև Բագրատյանի անմիտ սեփականաշնորհման արդյունքում, երբ գյուղացիները 1 հեկտարից ոչ ավելի մակերեսով հողի պատառիկներ էին ստանում, ընդ որում տարբեր հողաբաժինները նույնիսկ մեկտեղ չէին և գտնվում էին տարբեր վայրերում։ Մի՞թե իշխանություններն անտեղյակ էին, որ տարանջատ փոքրիկ հողակտորներում արդյունավետ գյուղատնտեսական արտադրություն զարգացնելն անհնար է ի սկզբանե։ Եվ դա նույնպես տեղի էր ունենում ՀՀՇ-ի ապաշնորհ կառավարման շրջանում։
Նիկոլ Փաշինյանը սույն թվականի ապրիլի 11-ին Ստրասբուրգում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց 10 ամիսների ընթացքում ստեղծված և ստվերից դուրս բերված 51 հազար աշխատատեղերի մասին։ «20 տարի մենք ասել ենք՝ պայքարենք ստվերային տնտեսության դեմ»,- ավանդաբար սովորական շրջանակներով սահմանափակեց նա «խառնակ ժամանակները» Հայաստանում, բայց այդուհանդերձ հանկարծ մտափոխվեց ու զգուշորեն ավելացրեց. «25, 30 տարի»…
Ի՞նչ է սա։ Այն անժխտելի փաստի գիտակցո՞ւմ, որ Ռոբերտ Քոչարյանից առաջ էլ Հայաստանն իրենից բնավ չի ներկայացրել օրինակելի ժողովրդավարություն՝ դինամիկ զարգացող տնտեսությամբ։ Այն իրողության ընդունո՞ւմ, որ կոռուպցիայի և այլ չարաշահումների, այդ թվում իշխանության ու օլիգարխիայի սերտաճման ակունքները և նույն այդ օլիգարխիան ծնունդ են առել 1990-ականների ժամանակաշրջանում։ Ամենաթողությունից լկտիացած մենատերերին և գողամոլ պաշտոնյաներին իրենց հետ չեն բերել ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը. նրանց առջև կանաչ լույս է վառվել հենց Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում։ Վերջապես հասկացե՞լ է դա «ժողովրդական վարչապետը», թե՞ ճիշտ թվերը պարզապես թռան նրա շուրթերից հերթական կրքոտ ելույթի թեժ պահին՝ չգիտակցված շարժառիթների ազդեցությամբ։ Ինչպես հայտնի է, հոգեբանական այդ երևույթը կոչվում է «վրիպախոսություն ըստ Ֆրեյդի»…