Մաքսատուրքը բարձրացավ միայն ներմուծվող ցեմենտի համար

Ապրիլի 19-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացումն իրազեկելու մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ կառավարության նախաձեռնությամբ օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է 22 հազար դրամ մաքսատուրք սահմանել Իրանից և այլ երկրներից Հայաստան ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար: Կառավարությունը դա հիմնավորում է տեղական արտադրողների մրցունակությանն աջակցելու ցանկությամբ՝ ձեռնարկությունների փակում թույլ չտալու նպատակով:

Սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների և նրա նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կարծիքով, ում պատկանում է ցեմենտ արտադրող երկրի ամենախոշոր ձեռնարկությունը՝ «Արարատցեմենտը», այս միջոցները բավարար չեն: Նրանք, մասնավորապես, պահանջում էին մաքսատուրքեր սահմանել նաև ցեմենտային կլինկերի համար, որը ցեմենտի արտադրության ժամանակ միջանկյալ արտադրանք է:

Այս առաջարկը քննադատվեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կողմից, որոնք մտավախություն հայտնեցին, որ Ծառուկյանն, ըստ էության, միայն ցանկանում է շուկայում իր դիրքերն ամրապնդել՝ դրանով այն մենաշնորհելու իրական սպառնալիք ստեղծելով:

Նշենք, որ օրինագծերի փաթեթին կողմ է քվեարկել 78 խորհրդարանական, դեմ՝ 42, ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների: