«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՄՈՍԱԴԸ, ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲՈԼՈՐԸ ՍՏՈՒՄ ԵՆ»

Մարտի վերջին «ԳԱ»-ում հրապարակվել էին հոդվածներ, որոնք պատմում էին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում առկա ողբալի վիճակի մասին, այնտեղ տիրող անդրկուլիսյան բանսարկությունների, կեղտոտ գզվռտոցի, խմբային խարդավանքների, համատարած անվստահության ու կասկածամտության մթնոլորտի։ Այդ հոդվածների առիթ դարձավ «Ազատ Ադրբեջան» հասարակական շարժման կողմից պատրաստված ֆիլմը, որը պատմում է նախարարության ղեկավար Զաքիր Հասանովի կենսագրության ամոթալի փաստերի մասին։

Մի շարք պատճառներով, ինչպես նաև հիմնվելով Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումների վրա, մենք ենթադրեցինք, որ սույն ստեղծագործության պատվիրատուն այդ երկրի զինվորական հայտնի գործիչներից ինչ-որ մեկն է, որը հիմքեր ունի դժգոհելու, որ ոչ թե ինքը, այլ Հասանովն է զբաղեցնում այդ բարձր և «կերառատ» պաշտոնը, և ձգտում է ցեղակիցների աչքում վարկաբեկել նախարարին։

Որպես այդ դերի գլխավոր հավակնորդներ նշել էինք նախկին փոխնախարար, ներկայումս արտերկրում ապրող և Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված Իսա Սադիկովին և նրա ազգանվանակից, առաջին փոխնախարար և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին։ Երկուսն էլ անցել են Ղարաբաղյան առաջին պատերազմի միջով և շատ մոտ էին այն բանին, որ ղեկավարեին Պաշտպանության նախարարությունը, սակայն անտեսվել էին հօգուտ թիկունքային առնետ Հասանովի, որը պատերազմի տարիներին գլուխ է պահել սահմանապահ զորքերում։ Անվանական պետի դեմ եռանդագին դավեր նյութելու առանձնակի ծանրակշիռ հիմքեր ունի գործող փոխնախարար Նաջմեդդին Սադիկովը։ Մանավանդ որ, ըստ ԶԼՄ-ների, առավելագույն հեղինակություն է վայելում բանակային հրամանատարների շրջանում, նախարարությունում ապրում է սեփական օրենքներով և լայն հնարավորություններ ունի խարդավանքների ցանց հյուսելու՝ Հասանովին տապալելու և բաղձալի աթոռին վերջապես անձամբ նստելու հույսով։

Ֆիլմում նախարարի հասցեին հնչող մեղադրանքները հանգում են ոչ միայն նրան, որ ռազմական գործողությունների ոչ մի փորձ չունեցող մարդը նշանակվել է ռազմական գերատեսչության ղեկավար։ Ամեն ինչ շատ ավելի արդիական է. նրան մեղադրում են 2016 թվականի ապրիլյան ռազմարշավը ձախողելու մեջ, համարելով գլխավոր մեղավորը բազմաթիվ զոհերի՝ ներառյալ մոտ հարյուր ընտիր հատուկջոկատայինների, ինչպես նաև զոհերի իրական քանակը թաքցնելու համար։ Հասանովին մեղադրում են նաև հայերի հետ ունեցած կապերի մեջ, ընդհուպ մինչև պնդումներ, թե նա իբր հայկական կողմին է փոխանցել նախապատրաստվող հարձակման գաղտնի տվյալները։

Մեր կարծիքով, ֆիլմը բավական պարզունակ է և առանձնապես ոչ համոզիչ։ Այդուհանդերձ, դատելով հետագա զարգացումներից, այնուամենայնիվ հասավ իր նպատակին. ադրբեջանական հասարակայնության արձագանքը, որն էլ հենց նշանառված էր առաջին հերթին, բավական աղմկալի գտնվեց։ Այն աստիճան, որ Հասանովը ստիպված էր պատրաստել և համացանցում տեղադրել պատասխան «կինոն», որպեսզի արդարանա հայրենակիցների առջև։ Այլ հարց է, թե որքանով դա հաջողվեց նրան։

Ֆիլմի տակ արված մեկնաբանությունները, որոնց թիվը կարճ ժամանակահատվածում անցավ 1000-ից, ցույց են տալիս, որ նախարարը չկարողացավ մաքրել մեղադրանքների և վերագրվող բացասականի մուրն իր վրայից, ավելին՝ նրա «պատասխանը» հանգեցրեց հակադարձ արդյունքի, նորից առիթ տալով շեշտադրել այն հարցերը, որոնք ադրբեջանական հասարակայնության մոտ առաջացել էին Ապրիլյան պատերազմից հետո և ոչ միայն չէին մարել ժամանակի հետ, այլև հնչում են գնալով ավելի բարձր ու համառորեն։ Հատկապես կապված պաշտպանական գերատեսչությունում տիրող իրավիճակի հետ, որն արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Այսպես, օգտվողներից շատերը մեկնաբանություններում նշում են, որ 2016 թվականի ապրիլյան 4 օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կորցրեց ավելի քան 500 զինծառայող, այդ թվում նաև ղեկավարության ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով։ Հիշեցնենք, որ զոհվածների իրական թիվը ջանադրաբար գաղտնիացվել էր անձամբ նախագահի հրամանով, իսկ պաշտոնական թիվը՝ 31 մարդ, Ադրբեջանում արդարացի թերահավատություն է առաջացնում, հատկապես սոցցանցերում բազմաթիվ հաղորդագրությունների և տեսագրությունների խորապատկերին՝ «շահիդների» գիշերային գաղտնի թաղումների մասին, որ կատարվում էին պաշտպանության նախարարի հրամանով։ Ավելին, օգտվողներից շատերը համոզված են, որ Զաքիր Հասանովի կողմից իրոք եղել է դավաճանություն՝ հայկական կողմին տեղեկություններ փոխանցելու միջոցով։

Ներկայացնենք մի քանի գրառումներ, որոնց ոճն ու հնչողությունը հնարավորինս պահպանված են թարգմանության մեջ։

«Հայերի պաշտպանությունը դու չես ճեղքել, այլ Ադրբեջանի զինծառայողները և այն 539 զոհվածները, իսկ դու քո տեղում չես»։

«Թող շատ գլուխ չգովի, մինչև Ռուսաստանից թույլտվություն չլինի, ոչինչ չեք կարող անել»։

«Դու տխմար ես, ոչ մի ռազմական գիտելիք չունես։ Թալիշ գյուղը կարելի էր գրավել 30 զինվորներով, կարելի էր մտնել երեք ուղղություններով։ Ես այնտեղ ծառայել եմ, գիտեմ…»։

«Պարոն նախարար, նշանակում է՝ դավաճանություն է եղել, ինքներդ ասացիք, որ հակառակ դեպքում 4 օրվա ընթացքում 100 հատուկջոկատայիններ չէին զոհվի»։

«Դուրս կորիր այդ պաշտոնից, եթե դավաճանություն է եղել»։

«Ասում ես՝ զինվորականներն իրենց հասկացություննե՞րն ունեն։ Իսկ այդ նույն զինվորական հասկացություններն ինքդ ունե՞ս, թե՞ կաշառակերությունից բացի ուրիշ ոչ մի բանի մասին պատկերացում չունես։ Քանի՜ երիտասարդների մահվան ուղարկեցիր ընդամենը մի բլրի համար»։

«Մեր տանկերը հասան այնտեղ, որ անմիջապես շարքից դո՞ւրս գան»։

«Դուք միայն մեկ քաղաքականություն գիտեք. երիտասարդ տղաներին հենց այնպես ուղարկել գնդակների տակ։ Թող այդ մահերն ընկնեն ձեր գլխին»։

«Բացահայտ բազար եք սարքել բանակում, և եթե մեր երկրում օրենքները գործեին, ձեզ կկախեին ծառից»։

«Հեռացի՛ր այդտեղից, տակա՛նք, ապրիլին 500 ջահելների գլուխ կերաք…»։

«Իսկ ինչո՞ւ են այս նախարարները հազիվ խոսում ադրբեջաներեն։ Հետաքրքիր է, ո՞ր լեզուն է նրանց համար հարազատ»։

Հանուն արդարության նշենք, որ օգտվողների կողմից Նաջմեդդին Սադիկովին էլ է բաժին հասնում։ Այդ համատեքստում դարձյալ ընդգծենք, որ գեներալների միջև վաղեմի բախման հիմքում ընկած է ոչ միայն այն հանգամանքը, որ Սադիկովը փորձված մարտիկ է, իսկ Հասանովը Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է բարձր պաշտոնում միայն շնորհիվ ընդդիմադիրների դեմ պայքարում իր «ծառայությունների», երբ դեռ ՆԳ նախարարն էր։ Իր կարևոր դերն է խաղում նաև աշխարհաքաղաքական կողմնորոշումը. նախիջևանյան կլանի ներկայացուցիչ նախարարին համարում են թուրքամետ գործիչ, իսկ այ, ազգությամբ լեզգի Սադիկովն արժանացել է Դաղստանի ազգային հերոսի կոչման և ավելին. այնտեղ՝ նրա ծննդավայրում կանգնեցրել են նրա կիսանդրին։

«Իսկ կա՞ մեկը, ում հայտնի չէ, որ Նաջմեդդինը ռուսների մարդն է», «Նաջմեդդին Սադիկովը դավաճան է, հեռացրեք նրան շտաբից»,- գրում են օգտվողները։ Դավաճանության վարկածը հիշատակվում է և այլ, պետք է ասել՝ բավական յուրօրինակ ենթատեքստում. «Համաձայն վերևներից ստացված տեղեկատվության, մեր զինվորականների կոորդինատները հայերին են փոխանցվել ռուսների կողմից։ Քառօրյա պատերազմը Մոսադի պատվերն էր։ Նպատակը՝ զոհաբերություն շեյթանին։ Չի կարելի հավատալ այդ նախարարների խոսքերին, նրանք բոլորը ստում են»։

Վերջին պնդմանը դժվար է չհամաձայնել. Ադրբեջանում իրոք ստում են բոլորը. ստում են ոգևորությամբ, կոպիտ, անամոթաբար, ստում են բոլոր էական հարցերի վերաբերյալ, հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհուպ մինչև նրանցից ամենագլխավորը։ Ամենայն հավանականությամբ, այդ երկրում այլ կերպ չի կարելի, և ամենաիսկական, ներեցեք, բարդակի պայմաններում ներքին հաշվեպարզումներից ծվատվող Պաշտպանության նախարարությունը այդ փաստի առավել քան վառ օրինակն է։ Երկրի համար կարևորագույն գերատեսչությունում առնվազն երկիշխանությունը՝ սպայական կազմի մեծամասնության կողմից նախարարին փաստացի չենթարկվելու պայմաններում, նույնքան հստակ բնորոշում է իրավիճակը զինված ուժերի համակարգում, ասենք, և ընդհանրապես ողջ պետության իշխանական վերնախավում։

Նավթային կարկանդակին, իշխող կլաններին մոտ գտնվելու համար պայքարը և բուն կլանների ներսում չդադարող գզվռտոցը հավելվում են ազդեցության և սեփական շահերի առաջմղման համար ուժային կենտրոնների մրցակցությանը (առնվազն երկուսի՝ Թուրքիայի և Ռուսաստանի)։ Այս ամենը ստեղծում է այն գարշահոտ, պիղծ ու թունառատ խառնուրդը, որում եփվում ու երկիր է կառավարում ադրբեջանական ղեկավարությունը։ Հիրավի սանձարձակ կոռուպցիայի և գանձագողության հետ մեկտեղ, այն ձևավորում և ռիսկային բարձր մակարդակի վրա է պահում այն անհաստատ ու անկայուն իրավիճակը, որը սքողելու համար էլ Ադրբեջանի իշխանությունները ստիպված են մշտապես ստել, ցանկալին ներկայացնելով իրականի տեղ։ Այդ թվում՝ նաև պաշտպանական ոլորտում։

Իսկ մեզ մնում է պնդել, որ հայկական կողմին հույժ անհրաժեշտ է ջանադրաբար հետևել Ադրբեջանի զինվորական հրամանատարության վերնախավում տիրող իրավիճակին։ Այդ երկրի և նրա ղեկավարության անկանխատեսելիությունը ցանկացած պահի կարող է հանգեցնել հայ ժողովրդի դեմ ռազմական նոր ագրեսիա ձեռնարկելու որոշման, որպես ներքին ամենախուլ փակուղուց դուրս գալու իրենց միակ ելքի՝ նույնպես միակ նպատակով. ամեն գնով պահպանել իշխանությունը և, հետևաբար՝ նաև սեփական ահռելի հարստությունները։