«ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱՔՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ
«Ապրիլի 30-ի առավոտյան ժամը 5-ին սկսվեց «Կոլցո» ռազմական գործողությունը Գետաշենի և Մարտունաշենի խաղաղ բնակչության դեմ։ Տանկերով, ԶՓԿ-ներով, ՀՄՄ-ներով, ԴՄՄ-ներով շրջապատված գյուղերը ենթարկվեցին հոծ գնդակոծության։ Մի քանի ժամ անց գյուղեր ներխուժեցին զրահամեքենաները, դրանց պաշտպանության տակ ավտոմատներից կրակելով առաջ էին շարժվում Ադրբեջանական ԽՍՀ-ի ՆԳՆ-ի զինվորներն ու օմոնականները, նրանց հետևից՝ դիակապտիչ ադրբեջանցիները հարևան գյուղերից։ Նրանք բոլորը ներխուժում էին գյուղեզրի տներ, սպանում, խոշտանգում, թալանում հայերին, խլում նրանց ունեցվածքը, առևանգում մեքենաները, անասուններին, ավտոմատի փողի տակ ստիպում դիմում գրել սեփական տունն ընդմիշտ լքելու «ցանկության» մասին»։
Սա արդեն դասական դարձած մեջբերում է ռուս գրող Ինեսսա Բուրկովայի 1991 թվականի հրապարակումներից։ 20 տարի անց՝ 2011-ի մարտին նա կասի. «Կոլցո» գործողությունն իրականացվում էր նույն այն մեթոդներով, ինչ որ հայերի Ցեղասպանությունը դարասկզբին»։ Այդպիսով հստակ ու միանշանակ ախտորոշում տալով խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի և տեռորի ադրբեջանական քաղաքականությանը. քաղաքականություն, որը շարունակվում է առ այսօր և առաջվա պես իր գլխավոր նպատակ համարում պատմական հայրենիքից հայերի վտարումն ու ոչնչացումը և հայկական տարածքների զավթումը։
«Կոլցո»-ն ռազմապետական ահաբեկչության գործողություն դարձավ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գյուղերի խաղաղ բնակչության դեմ։ 1991-ի ապրիլի 30-ին սկսվելով երկու գյուղերի՝ Գետաշենի և Մարտունաշենի վրա ուխտադրուժ հարձակումով, գործողությունն ընդհուպ մինչև օգոստոսի 20-ը շարունակվեց այլ բնակավայրերում, ամենուր ուղեկցվելով բռնությամբ, արյունահեղությամբ, սպանություններով, խոշտանգումներով, պատանդառությամբ, բնիկ քաղաքացիական բնակչության վտարումով և նրա ունեցվածքի թալանով։ Գործողության ընթացքում սպանվեց ավելի քան 100 մարդ, հարյուրավորներ վիրավորվեցին ու խեղվեցին, հարյուրավորներ գերեվարվեցին ու պատանդ վերցվեցին, շատերի ճակատագիրը հայտնի չէ առ այսօր։ Պատմական բնակավայրերից բռնի տեղահանվեցին առնվազն 25 հայկական գյուղերի ավելի քան 10 000 խաղաղ բնակիչներ։
Ղարաբաղյան շարժման պատմության մեջ այդ անվանումը՝ «Կոլցո» գործողությունը մտավ «սումգայիթի», «կիրովաբադի», «բաքվի», իսկ այնուհետ նաև Մարաղայի հետ մեկտեղ, դառնալով ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականության խորհրդանիշներից մեկը։ Այդ մասին գրել են բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ջոն Էյբները իրենց «Էթնիկ զտումները շարունակվում են. պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գրքում։ «Գործողությունը սկսվեց ապրիլի 30-ին Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերի դեմ։Այս անվանումները խաղաղ բնակիչների հանդեպ դաժանության աստիճանով կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ՝ Բաքվի և Սումգայիթի հետ մեկտեղ»։
Այդուհանդերձ «Կոլցո»-ն ունի մի շարք տարբերություններ, որոնք այդ բարբարոսական ահաբեկչական գործողությանը հաղորդում են Ադրբեջանի և ԽՍՀՄ-ի իշխանությունների գործած ապացուցված և փաստաթղթավորված հանցանքի բնույթ։ Խոսքը, մասնավորապես, միջազգային բնույթի մի քանի զեկույցների մասին է՝ միջազգային փորձագետների ստորագրությամբ, այդ թվում՝ ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդում լսումների, ինչպես նաև Եվրախորհրդարանի և ԱՄՆ-ի Սենատի բանաձևերի (ողջ արխիվը զետեղված է karabakhrecords.info կայքում)։ Փաստաթղթերի նման քանակի առկայությունը, գումարած ինչպես հարյուրավոր տուժածների, այնպես էլ միջազգային բազմաթիվ դիտորդների և փորձագետների վկայական ցուցմունքները, է՛լ ավելի սուր են դնում այն հարցը, թե ինչու հայկական կողմը մինչ օրս չի օգտվել այդ ամենից՝ դատական ատյաններ դիմելու համար։ Ավելին, անցած տարիների ընթացքում հայկական կողմը չափազանց քիչ ջանքեր է գործադրել (եթե ընդհանրապես գործադրել է) անհետ կորած հարյուրավոր մարդկանց ճակատագիրը պարզելու համար։
Գետաշենի պաշտպանությունը, որը տևեց մեկ շաբաթ, այդուհանդերձ դարձավ Ղարաբաղյան շարժման, մասնավորապես՝ դրա մինչպատերազմյան ժամանակաշրջանի ամենահերոսական էջերից մեկը։ Հենց այն օրերին վառ աստղերի պես փայլեցին հայ ժողովրդի փառապանծ զավակների ՝ Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Աչիկգյոզյանի ու նրանց մարտական ընկերների անունները, որոնց ինքնազոհության շնորհիվ և կյանքի գնով հաջողվեց կանխել զանգվածային սպանդը և դուրս բերել Գետաշենի ու Մարտունաշենի բնակչության հիմնական մասին Արցախ և Հայաստան։ Գետաշենը վերջնականապես ընկավ մայիսի 7-ին, և վերջիններից մեկը, որ լքեց այն, անցած տարի կյանքից հեռացած Իգոր Մուրադյանն էր. ևս մեկ արժանահիշատակ անուն հայոց պատմության մեջ։
Քաղաքական իմաստով «Կոլցո» գործողությունը դարձավ հանցավոր պայմանավորվածության արդյունք Ադրբեջանի իշխանությունների և Կրեմլի միջև՝ Գորբաչովի գլխավորությամբ։ Չէ՞ որ նույնիսկ մինչև ատամները զինված ադրբեջանցի ելուզակ-օմոնականները միայնակ երբեք չէին կարողանա կոտրել ինքնապաշտպանության ջոկատների դիմադրությունը։ Նշանավոր հայկական Գետաշենը՝ հինավուրց պատմություն ունեցող հարուստ գյուղը զավթելու համար Բաքվին հույժ անհրաժեշտ էին խորհրդային ռազմական տեխնիկան և օդուժը, ինչպես նաև հազարավոր զինվորներ, որոնց թիկունքում վախկոտ թաքնվում էին ադրբեջանցի «մարտիկները»։ «Ամռանը երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում բռնի տեղահանվեց 25 գյուղերի հայկական բնակչությունը։ Դա արեցին զինվորականները։ ՕՄՕՆ-ը լոկ կատարում էր իր «միլիցիական» գործառույթները. թալանում, բռնաբարում, սպանում… Այդ ամենը կոչվում էր «անձնագրային ռեժիմի ստուգում»,- գրել է Միխայիլ Գոխմանը փարիզյան «Ռուսկայա միսլ» թերթում 1991թ. նոյեմբերի 29-ին։
«Կոլցո»-ն լավագույն պատասխանն է Բաքվի այն մարդկանց, ովքեր շոյում են սեփական խոցված ինքնասիրությունը պնդումներով, թե Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակը պայմանավորված էր իբր բացառապես Ռուսաստանի աջակցությամբ։ Այդպիսի պատմական դրվագները համոզիչ կերպով ապացուցում են, որ հենց Ադրբեջանն է փորձել հայ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականության մեջ ինչ-որ «հաջողությունների» հասնել միայն այն ժամանակ, երբ իր թիկունքում կանգնած և ակտիվորեն աջակցում էին (ինչպես «Կոլցո» գործողության ժամանակ) կամ առնվազն չէին խանգարում սպանել ու վտարել հայերին (ինչպես Սումգայիթում ու Բաքվում) ԽՍՀՄ ղեկավարությունն ու խորհրդային զորքերը։
…Գործողությունը ծրագրված էր որպես հայ բնակչությունից Արցախը ամբողջությամբ մաքրելու և հայկական երկրամասի տարածքը խորհրդային զորքերի օգնությամբ լիովին զավթելու սկիզբ։ Որքան էլ շտապում էր Բաքուն, այդ նպատակին հասնել չհաջողվեց. գործողությունը դադարեցվեց օգոստոսի 20-ին՝ ԱԴՊԿ-ն ճնշելուց անմիջապես հետո, իսկ զորքերը հետ կանչվեցին Ռուսաստանի ղեկավարության կողմից։ Արցախը դիմակայեց ու հաղթեց։ Բայց ինչպես 1991 թվականին, այնպես էլ այսօր Ադրբեջանում չեն թաքցնում, որ Լեռնային Ղարաբաղը իրենց պետք է առանց հայերի։ Դրա օրինակներն անասելի շատ են, ներկայացնենք միայն ժամանակային առումով ամենաթարմը՝ վերջերս «ԼՂ ադրբեջանական համայքի ղեկավար» նշանակված Թուրալ Գյանջալիևի «հայտնությունները»։ Այդ, թող թույլ տրվի ասել, դիվանագետը, ինչպես պարզվեց, հարբեցողի ու ավազակի կերպարանքով իր նախորդից տարբերվում է միայն քիչ ավելի բարետես արտաքինով, քանզի հնչեցնում է նույն տխմար հայտարարությունները։ Որոնց հետևում, սակայն, Արցախի հայերի նկատմամբ նոր ագրեսիայի գործնականում անսքող սպառնալիքն է։
Գյանջալիևի խոսքերով, «հայկական քարոզչական մեքենան փորձում է խաբել ողջ աշխարհին, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասին։ Մենք կմերկացնենք հայկական սուտը։ Բախումը խաղաղ ճանապարհով լուծելուց հետո մենք ցանկանում ենք վերադառնալ հարազատ հող։ Թեև մենք տուժած կողմ ենք, բայց պատրաստ ենք ապրել հայերի հետ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»։ Մնում է խորհուրդ տալ այդ «տուժած» գործչին, որ սկզբի համար հարցնի Արցախի տերերին. իսկ ցանկանո՞ւմ են արդյոք իր վերադարձը նրանք, ում կյանքի իրավունքն անգամ ինչպես 28 տարի առաջ, այնպես էլ այսօր բացառում են ինքն ու իր ցեղակիցները։