Դավիթ Բաբայան. Նախարար Լավրովը խոսում է գերիների մասին, այլ ոչ թե մարդասպանների ու ահաբեկիչների

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձրաձայնել է բարձրագույն աստիճանի մարդասիրական մոտեցում զինված հակամարտությունների գոտիներում գերիների հարցում: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը և ամենագլխավորը՝ ռուսաստանցի նախարարը բարձրաձայնել է բացարձակապես մարդասիրական մոտեցում՝ բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն ու ազատվեն: Սրա հետ, իհարկե, կարելի է և պետք է համաձայնվել: Բայց հարցն ունի նաև մյուս կողմը՝ այն, ինչ փորձում են վերագրել նախարար Լավրովին: Չեմ կարծում, որ պարոն Լավրովը գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել մարդասպաններին և ահաբեկիչներին: Պաշտոնական Ստեփանակերտը երկար տարիներ գործնականում հանդես է եկել անմեղ մարդկանց ազատելու օգտին, որոնք պատահաբար հատել են սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում: Խոսքը հանցագործություններ, առավել ևս ծանր հանցագործություններ չկատարած մարդկանց մասին է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակին Ադրբեջանում են եղել մեծ թվով հայ գերիներ: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է այս փաստերը: Հայերին «գրանցում» էին որպես ադրբեջանցիներ, նրանց այլ անուններ տալիս, օգտագործում էին որպես ստրուկներ, վերցնում էին նրանց օրգանները: Քանի որ այս մարդկանց անունները փոխված էին, միջազգային կազմակերպությունները ի վիճակի չէին վերահսկել նրանց ճակատագիրը:

Հարցը միանգամայն այլ է հանցագործների դեպքում, որոնց մեղքն ապացուցված է հրապարակային դատավարությամբ՝ միջազգային դիտորդների, լրագրողների, իրավապաշտպանների մասնակցությամբ: Հանցագործներ, որոնք դատապարտվել են դատական երեք ատյաններով, այլ ոչ թե դաշտային դատարանով: Ես բացարաձակապես համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչ, բարձրակարգ դիվանագետ պարոն Լավրովը նկատի չի ունեցել հանցագործներին, որոնց ձեռքերը թաթախված են անչափահաս երեխայի արյան մեջ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Բաբայանը, միաժամանակ, հիշեցրեց, որ ինչպես հետևում է փորձից, սպանություն և ահաբեկչական գործողություններ կատարած անձանց վերադարձնելու դեպքում հայրենիքում անհապաղ կհերոսացնեն: «Այսինքն՝ վստահության մթնոլորտ ստեղծելու իմաստով արդյունքը մի քանի անգամ վատ կստացվի: Ադրբեջանական հանրությանը կներարկվի թույնի վիթխարի չափաքանակ»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Ընդգծելով, որ հանցագործները պետք է արժանի պատիժ կրեն՝ Բաբայանը դրա հետ մեկտեղ հիշեցրեց, որ Ադրբեջանի քաղաքացի երկու դատապարտյալները ԿԽՄԿ ներկայացուցիչների մշտական հսկողության ներքո են, ազգականների հետ կապ պահպանելու հնարավորություն ունեն, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մարդասիրական մոտեցման վկայությունն է նաև այն, որ որոնելիս հանցագործներին չեն չեզոքացրել, իսկ ևս մի ադրբեջանցի զինվորական, որի խղճի վրա ծանր հանցագործություն չի ծանրացած, պատժամկետը կրել է և ազատվել:

Հիշեցնենք, որ Բաքուն համառորեն փորձում է հասնել երկու ահաբեկիչներ Ասկերովի և Գուլիևի ազատմանը, որոնք դատապարտվել են ԼՂՀ Քարվաճառի շրջանում կատարած սպանության համար: Ադրբեջանի քաղաքացի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն ազատվել է, սակայն չի ցանկացել հայրենիք վերադառնալ: Ադրբեջանի ևս մի քաղաքացի՝ քաղաքացիական անձ Էլվին Իբրահիմովը Հայաստանի տարածքում է: