Հայկական թղթադրամը ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում

Հայկական 50.000 դրամանոցը (մոտ 104 դոլար) ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների 2018թ.–ի ցանկում, նշվում է Թղթադրամների միջազգային միության (IBNS) կայքում, տեղեկացնում է newsarmenia.am։

2018թ.–ի նոյեմբերից շրջանառվության մեջ դրված թղթադրամի դիմերեսին պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հին ձեռագրեր, դարձերեսին` Խոր Վիրապը` Արարատ լեռան ֆոնին և Գրիգոր Լուսավորչի արձանը։

Ինչպես նշել է IBNS–ի ժյուրին, աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում հայտնվելու համար թղթադրամը պետք է ունենա գեղարվեստական արժեք և պաշտպանության ամենաժամանակակից տարրերը։

2018թ.–ին թողարկվել է ավելի քան 150 նոր թղթադրամ, սակայն դրանց միայն 10%–ն է համապատասխանել նշված պահանջներին։

Աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամ է ճանաչվել կանադական 10 դոլարը։ Այն եղել է առաջատարի դիրքում քվեարկության գրեթե ամենասկզբից։ Կանադական դոլարին հետևել է շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը, ռուսական 100 ռուբլին և Սողոմոնյան կղզիների 40 դոլարը։

Основная тема:
Теги: