Նազիկ Ամիրյան․ «Հերոսը չի սողում, իսկ շոու սարքելը հեշտ է»
Հերոսը չի սողում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Արցախի հերոս, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, որը նույնպես նույն գործի շրջանակում ամբաստանյալ է, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
«Հերոսը չի սողում, եթե իրանց թվում ա, որ չորեքթաթ պիտի գնան, ուրեմն թող իրանք գնան»,–լրագրողներին ասաց Նազիկ Ամիրյանը։
Այդ դեպքում լրագրողները հետաքրքրվեցին`արդյո՞ք նորմալ է, որ հերոսի բնակարանից նման չափի զենքեր, գողացված իրեր, զինվորի սնունդ են գտնել։
«Շոու սարքելը շատ հեշտ է, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»,–պատասխանեց Նազիկ Ամիրյանը` հավելելով, որ այդ զենք-զինամթերքը բոլորը օրինական են։
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխել միջնորդություն է ներկայացրել։ Որպես գրավի չափ առաջարկվեց 10մլն դրամը։ Իր միջնորդությունը պաշտպանը մեկնաբանում է հետևյալ կերպ` Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը ներկայումս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։Վատառողջ լինելու պատճառով նա չէր ներկայացել այսօրվա դատական նիստին։ Փոխարենը նիստին մասնակցում է Մանվել Գրիգորյանի կինը, նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։