ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՎԱԶԴ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿՈՒՄ
Երևանում սկանդալով ավարտվեց 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված «Իմ մարմինն իմ անձնականն է» խոսուն անվանումով գենդերային կողմնորոշմամբ գրքույկի շնորհանդեսի փորձը։ Ներկաները, վանկարկելով «ամո՛թ», իրենց վերաբերմունքն արտահայտեցին գենդերային «առաջադեմ իրավապաշտպանների» հերթական վայ-կրթական «դեմարշին», որն այս անգամ ուղղված էր մանկական լսարանին։
«Միջոցառումից մի քանի օր առաջ մենք իմացանք, որ Լարա Ահարոնյանի գլխավորած Կանանց ռեսուրսային կենտրոնին կից գործող և, ինչպես հայտնի է, ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքները լոբբինգավորող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» անվանումով մի ինչ-որ կազմակերպություն պատրաստվում է անցկացնել ներկելու պատկերների տեսքով սարքած վերոնշյալ գրքույկի շնորհանդեսը,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ ԱՅՎԱԶՅԱՆԸ։- Իհարկե, մենք չէինք կարող անուշադրության մատնել դա։ Ուրեմն ի՞նչ էին գենդերականներն այս անգամ փորձում խցկել մեր երեխաների և նրանց ծնողների գլուխը։ Երեխան պետք է յուրացնի. «իմը իմն է» (մարմինը, իրերը և այլն), ոչ ոք իրավունք չունի հպվել, խլել, եթե երեխան դա չի ցանկանում։ Ի՞նչ է սա նշանակում։ Դե, նախ՝ ակնհայտ է, որ այդօրինակ կանխադրույթներով և նման մատուցմամբ սեպ է խրվում ծնողների և երեխաների միջև։ Որովհետև մանուկ հասակում (հիշեցնեմ, գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար) ծնողներն ուղղորդում են իրենց զավակներին, փորձում պաշտպանել նրանց ամեն տեսակի վնասակար ազդեցությունից (քանզի այդ տարիքում երեխաները հաճախ ընդունակ չեն հասկանալ, թե ինչը կարող է վնաս պատճառել, իսկ ինչը՝ ոչ), կարող են երեխայից խլել ինչ-որ առարկա, պատժել, ի վերջո։ Իսկ այստեղ փաստացի ստացվում է, թե նման գործողություններով ծնողները ոտնահարում են երեխայի իրավունքները։ Անցնենք առաջ…
Գրքույկում ակներև է որոշակի սեռական բովանդակությունը, որը երեխայի մոտ արհեստականորեն ստեղծում է վտանգի զգացում։ Առաջ է մղվում այն միտքը, թե, ասենք, ազգականը կարող է փոքրիկին հպվել վատ մտադրություններով կամ հպվելուց հետո կարող է սեռական ցանկություն առաջանալ։ Եվ երեխան կարող է հրաժարվել նստել իր քեռու ծնկներին, եթե չի ուզում։ Ընդ որում ընդգծվում է վատ մտադրությունների հնարավորությունը հենց ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների կողմից, կրկնեմ, սեպ է խրվում ծնողների ու զավակների միջև. և այդ ամենը արվում է հետագայում Հայաստանում համապատասխան յուվենալ օրենքներ ընդունելու համար, որոնք թույլ կտան հեշտությամբ ու առանց խնդիրների խլել երեխաներին ընտանիքներից, զրկել ծնողական իրավունքից և այլն»։
Շնորհանդեսի ընթացքում հայտարարվեց, թե երեխաների վիճակը Հայաստանում (վերոնշյալ թեմատիկայի համատեքստում) պարզապես սարսափելի է։ Հ.Այվազյանի խոսքերով, այն հարցը, թե ինչ հետազոտությունների կամ փաստերի հիման վրա է նման հայտարարություն արվում, մնաց առանց ըմբռնելի պատասխանի։
«Մեզ ասացին, թե՝ ոչ, որևէ հետազոտություն չի անցկացվել,- շարունակում է Այվազյանը։- Նաև պարզվեց, որ գիրքը կազմելուն չեն մասնակցել մասնագետներ։ Հասկանում եք, պարզապես վերցրել և սորոսական մեթոդաբանություններով «ստեղծագործել» են։ Եվ ամենազազրելին այն է, որ գրքույկի վերջում գովազդվում է serakanutyun.org կայքը, որտեղ տարվում է արվամոլության բաց քարոզչություն, վաղ սեռական կապերի, հակաբեղմնավորիչ միջոցների գովազդ և այլն։ Այսինքն փորձ է արվում Հայաստանում նվազեցնել այսպես կոչված սեռական համաձայնության տարիքը։ Հաջորդ քայլը կլինի դարձյալ օրենքներում, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելը։ Իբր, քանի որ երեխաները հիմա վաղ են սկսում հասունանալ ու ապրել սեռական կյանքով, եկեք Քր.օր.-ում փոխենք սեռական համաձայնության տարիքը (այսօր դա 16 տարեկանն է)»։
Ի դեպ, եվրոպական չափանիշներով՝ համաձայնության տարիքը ենթադրում է սեռական հարաբերություններ ոչ միայն տարբեր սեռերի միջև, այլև համասեռական կապեր։ Ընդ որում նույն այդ գենդերականները Եվրոպայում մաքառում են համաձայնության տարիքն անշեղորեն իջեցնելու համար։ Հ.Այվազյանի խոսքերով, անցած տարի Ֆրանսիայում տեղի ունեցավ նախադեպ, երբ դատարանն արդարացրեց 11-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած հասուն մարդուն այն հիմնավորմամբ, որ աղջիկը համաձայնություն է տվել։ Ահավասիկ մեզանում նույնպես հող են նախապատրաստում։
Ինչի՞ մասին է, ըստ էության, խոսում «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքույկը։ Երեխային հպվելը, եթե նա չի ցանկանում, վատ է։ Իսկ եթե համաձայն է, ուրեմն ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա։ Մնում է փոփոխություններ մտցնել Քր.օր.-ում, ահա և ձեզ օրինականացված մանկապղծությունը գործողության մեջ։
Մինչդեռ հետաքրքիր է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի արձագանքը սկանդալային միջադեպին։ Նա հայտարարեց, որ վճռականորեն դատապարտում է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շնորհանդեսը խափանելու փորձը, որը, իր կարծիքով, ուղղված է երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխմանը։
«Իհարկե, այլ բան չէր կարելի սպասել. չէ՞ որ Բաթոյանը սորոսական կադր է, ընդ որում նա ակտիվորեն շփվում է ԼԳԲՏ կազմակերպությունների հետ, դրանց հրավիրում են նախարարություն, ինչ-որ ծրագրեր քննարկում,- փաստում է Հ.Այվազյանը։-Սորոսական կադրերը գործնականում զավթել են իշխանությունը Հայաստանում, նրանք ամենուր են։ Այն փաստը, որ հասարակությունն ամեն անգամ վճռական հակագրոհ է տալիս, ոտքի ելնելով ի պաշտպանություն ավանդական ընտանեկան արժեքների, քրիստոնեական արժեքների, քայքայիչներին չի կասեցնի։ Հերթի է դրված յուվենալ օրենքների ընդունումը։ Ագրեսիվ գրոհ է ընթանում բոլոր ճակատներով։ Հայաստանում յուվենալ և գենդերային այլ օրենքների ընդունումը, Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը սկզբունքային հարց է արևմտյան տիկնիկավարների և այստեղ նրանց փոխանորդների համար։ Քանի որ եթե Հայաստանը դիմադրություն ցուցաբերի և դուրս մնա այդ գենդերային պահունակից, ապա դա կարող է նախադեպ դառնալ եվրոպական երկրների համար և ծառայել որպես հասարակության առողջ ուժերի դիմադրության ազդանշան։ Քայքայիչների համար սկզբունքային կարևորություն ունի, որ Հայաստանը՝ քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրը, ջախջախվի քրիստոնեական արժեքների պահպանման համար պայքարում։ Մեկ բան կարող եմ ասել. չի՛ ստացվի»։