Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» քայլերթը

Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» քայլերթը։ Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն ոչ միայն Հայրենական պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարները, այլև Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները՝ Ադամ Սահակյանինը, Ռոբերտ Աբաջյանինը։

Երթին մասնակցում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ընդհատեց մասնակցությունը, քանի որ այսօր նախատեսել էր շնորհավորել հայրենական պատերազմի մասնակիցներից Ամիրյանի 99-րդ տարեդարձը։ Մասնակիցները ծափահություններով շնորհավորեցին հոբելյարին։

Երթին մասնակցում են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, բազմաթիվ քաղաքացիներ։

Նրանք քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մանկական զբոսայգի, որի տարածքում են գտնվում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, Խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի գերեզմանը և կիսանդրին։ Դրանց մոտ թողեցին լուսանկարները։

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով անցկացնում է «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում:

«Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխանցմամբ, Երևանում ակցիան մեկնարկեց Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

Քայլերթին մասնակցելու են Հայաստանի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: