ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ի՞նչ սրտով ու ի՞նչ տրամադրությամբ է դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացնելու երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի մասին, եթե հենց նույն օրը, մեկ ժամ անց, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վճռելու է իր իսկ հարցը։

Իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի և երեք գեներալների նկատմամբ այժմ արդեն դատական գործի շուրջ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում և մատուցել նոր անակնկալներ։

Ինչպես արդեն բազմիցս հաղորդել է «ԳԱ»-ն, երեք դատավորներ ժամանակին տարբեր պատճառներով ինքնաբացարկ են ներկայացրել, ցանկանալով ամեն գնով խուսափել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցից։ Նրանցից երկուսի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն արդեն կիրառել են կարգապահական պատժի համապատասխան միջոցներ։ Մայիսի 8-ին Նելլի Բաղդասարյանին նկատողություն է հայտարարվել, իսկ Հարություն Մանուկյանին՝ նախազգուշացում։

Իսկ ինչ վերաբերում է երրորդին՝ հենց նույն Դավիթ Գրիգորյանին, որն ի վերջո ստիպված եղավ իր ուսերին առնել գործընկերներից շատերի համար անտանելի «Մարտի 1»-ի գործի բեռը, ապա նրա նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կկայացնի մայիսի 13-ին։ Հիշեցնենք, որ վերջինս, պատճառաբանելով հիվանդությունը, խնդրեց հետաձգել իր հարցի քննումը մի քանի օրով։ Խնդրանքը բավարարվեց, ուստիև որոշումը կկայացվի ավելի ուշ, քան մյուս երկու դատավորների նկատմամբ. մայիսի 13-ին։

Իսկ այդ օրը ուշագրավ է բավական ինտրիգող հանգամանքով։ Չէ՞ որ հենց մայիսի 13-ի ժամը 14-ին Դավիթ Գրիգորյանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Դ.Գրիգորյանի «դժբախտության երկու ընկերներին» ենթարկել են կարգապահական պատժի, պետք է ենթադրել, որ սույն գավաթից պարտադիր կարգով կըմպի նաև ինքը։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։

Եվ այստեղ բնական հարց է ծագում. ի՞նչ սրտով ու ի՞նչ տրամադրությամբ և ի՞նչ աստիճան կշռադատված պիտի Դավիթ Գրիգորյանը որոշում կայացնի երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի մասին, եթե հենց նույն օրը ժամը 15։00-ին ԲԴԽ-ն որոշելու է իր իսկ հարցը։ Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս մնա անկախ, անաչառ ու օբյեկտիվ, երբ ինքն է հայտնվել, պայմանականորեն ասած, դատական արդարադատություն իրականացնողների ցանցի տակ։

Ո՞ւր է տրամաբանությունը։ Դե, իսկ խելամտության կոչերը, ինչպես տեսնում ենք, ընդհանրապես ապարդյուն են։ Եվ ստացվում է, որ չնայած Դ.Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակում չէ, այդուհանդերձ նրա վիճակն աննախանձելի է. այնուամենայնիվ ամբողջ ԲԴԽ-ն զբաղվում է իր անձով։ Կարող է նույնիսկ այնպես ստացվել, որ «Մարտի 1»-ի գործը, նույնիսկ դեռ չսկսված, հանգի հերթական ինքնաբացարկին։ Միանգամայն տրամաբանական կլինի նաև, եթե դատավորին բացարկ հայտարարի պաշտպանող կողմը։

Եկեք առաջ չանցնենք, սպասենք երկուշաբթի օրվան։ Իսկ ինչ վերաբերում է Ֆեմիդայի ծառաների ապագային՝ ընդհանրապես վերցրած, ապա դա, ինչպես տեսնում ենք այսօրվա օրինակներով, գնալով ավելի մշուշոտ է դառնում, եթե չասենք՝ անկանխատեսելի։ Թե ինչ կլինի վաղը, հայտնի է միայն Ֆեմիդային, բայց ախր նրան ժամանակից շուտ չես կարող հարցնել…

Основная тема:
Теги: