Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՈՐՔԱՆ ՑԱԾՐ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐ Է ԱԳՐԵՍԻԱՆ»

Համեմատել Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարությունների հաշվետվությունները և տեսնել մտածողության տարբերությունը՝ ռազմավարական, հայեցակարգային, ծրագրային աշխատանքի և կառավարման տարբերությունը, «ԳԱ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց ՀՅԴ նախկին անդամ Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, նշելով, որ հասարակության մեծամասնությունն արդեն հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել։

-Մեկ տարի առաջ խորհրդարանում վարչապետի ընտրությունների ժամանակ դուք հայտարարեցիք, որ վտանգի կանխազգացում ունեք և վստահ չեք, թե կատարվող ամենը մեկ այլ, մեծ խաղի տարր չէ, բարդ, բազմաշերտ սցենարների համադրություն։ «Ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում։ Չեմ բացառում, որ սա ծանր հետևանքներով է սպառնում Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- ասացիք դուք 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ-ում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր հայտարարությունն այսօր, մեկ տարի անց։

-Իմ տեսակետը ոչ մի փոփոխություն չի կրել։ Այն օրերին ես ակտիվորեն շփվում էի տարբեր շրջանակների հետ, մոտավորապես պատկերացնում, թե ինչպիսին է լինելու իրադարձությունների զարգացման ընթացքը։ Ե՛վ մտահոգությունը, և՛ անձնական պատասխանատվությունն ինձ թույլ չտվեցին մասնակցել մի ինչ-որ բանի, որի հեռանկարները բավական անորոշ են, ես չէի կարող ինձ թույլ տալ քվեարկել վարչապետ առաջադրված Փաշինյանի թեկնածութան օգտին։

Անցել է մեկ տարի, հիմնական մտավախությունները, կարծում եմ, մնացել են։ Ակնհայտ է, որ երկիրը կառավարվում է անարդյունավետ։ Ակնհայտ է, որ արդեն որպես վարչապետ պարոն Փաշինյանի գործողությունների հեղափոխական ոճը շարունակվում է։ Մինչդեռ պետական այդպիսի պաշտոն զբաղեցնողի համար տրամաբանական կլիներ հրաժարվել հեղափոխական ոճից և փորձել առավելագույնս միավորել հասարակությանը և կառուցողական աշխատանքով քայլ առ քայլ տանել երկիրը զարգացման ուղիով։ Բայց մենք հակառակն ենք տեսնում. նույն մոտեցումները, հասարակության պառակտման, մասնատման նույն մթնոլորտը, քայլեր, ուղղված իշխանությունը պահպանելուն, երկարաձգելուն, ինչպես դա անում էին նախկինները, հակասություն խոսքերի ու գործերի միջև, իրականության շփոթում ցանկալիի հետ և տպավորության ստեղծում, թե ամեն ինչ հիանալի է։ Իրականում լավը չափազանց քիչ է, իսկ այ, խնդիրներն օրեցօր խորանում են։ Դրա վկայությունն է նաև Փաշինյանի վարկանիշի անկումը։ Եվ ամենավտանգավորն այն է, որ ինչքան ցածր լինի վարկանիշը, այնքան ավելի ագրեսիվ կդառնա նա, այնքան ավելի, այսպես ասած՝ հեղափոխական, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Չեմ խոսում արդեն այն մասին, որ չկա ծրագիր, չկա ռազմավարություն, չկա գաղափարախոսություն, չկա թիմ։ Նրա թիմը հապճեպ հավաքած պատահական մարդկանց խմբերի ամբողջություն է, որոնց միջև արդեն հակասություններ կան։ Եվ այդ խորապատկերին ամենավտանգավորն այն է, որ, հաշվի առնելով պարոն Փաշինյանի վերջին հայտարարությունները, կրկնեմ, որքան ավելի նա գիտակցի, որ իրավիճակը ծանր է, այնքան անկառավարելի կդառնա։

-Ստացվում է, որ դուք համամի՞տ եք հատկապես վերջին ժամանակներս տարածված կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե խնդիրները լուծելուն, այլ սեփական իշխանությունը պահպանելուն, չնայած իր հայտարարություններին, թե իբր՝ հենց որ զգա, որ չի վայելում ժողովրդի վստահությունը, կհեռանա։

-Հասարակությունն այսօր չափից ավելի մասնատված է։ Միշտ կլինի հասարակայնության փոքրիկ շերտ, 10-20 հազար, որոնց Փաշինյանը կարող է ներկայացնել իբրև ժողովուրդ։ Բայց իրականությունը միանգամայն այլ է։

Այնպես չէ, թե նա չի ցանկանում լուծել խնդիրները. նա պարզապես անկարող է դա անել։ Ո՛չ ինքը, ո՛չ իր թիմը չեն կարողանա հստակ ձևակերպել խնդիրները, համախմբել հասարակայնությանն ու լուծել այդ խնդիրները։ Բավական է նայել խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրին, տարվա արդյունքների ամփոփմանը, նրանց հայտարարություններին։ Այստեղ չկա այդպիսի թիմ, այդպիսի ներուժ։ Եթե մարդը իր ողջ կյանքում եղել է ապակառուցողական, մերժող, քննադատող, ժխտող, նրա համար իսկապես ծայրաստիճան բարդ է տրամադրվել կառուցողական ոգով։ Թեև վարչապետ ընտրվելուց հետո սկզբնական շրջանում հույս էր առկայծում, թե նա դուրս կգա իր նախկին վիճակից և կփորձի իսկապես հանդես գալ վարչապետի դերում, հարցերին նայել այլ տեսանկյունից և, միավորելով մարդկանց, աստիճանաբար կսկսի լուծել խնդիրները։ Բայց հեղափոխական ոճը շարունակվում է։

Ի դեպ, հենց ինքն էր ժամանակին, մեջբերելով Չե Գևարային, ասում, որ իսկական հեղափոխականը երբեք չի դառնում իշխանություն, որ եթե հեղափոխականը գալիս է իշխանության, նա դադարում է հետամտել իր, պայմանականորեն ասած, սկզբունքային հարցերը։ Այսօր մեզանում հենց այդպիսի իրավիճակ է. իշխանության պահպանում, երկարաձգում, կենտրոնացում։ Ի վերջո այն, ինչ տեսնում ենք այսօր, անբնական է. միանձնյա կառավարում, մեկ մարդու կառավարություն, մեկ մարդու Ազգային ժողով, մեկ մարդու դատարան։ Եվ բնական է, որ անսխալականի, միակ իրավացիի , վերջին ատյանի ճշմարտության համախտանիշը չի կարող հեռանկարներ ունենալ մեր երկրում։

-Կարծում եք, հենց դա՞ է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում նախկինում իր իսկ կողմից խիստ քննադատվող սուպերվարչապետական լիազորություններից։

-Բնականաբար։ Առհասարակ նա սովորություն ունի իր կյանքի տարբեր փուլերում ջնջել սեփական անցյալն ու սկսել զրոյից, ասես նախկինում ոչինչ չի ասել, չի խոստացել ու ոչինչ չի արել։ Հիմա ահա այսպես է, և ես, իբր, շարունակում եմ այս կետից։ Սուպերվարչապետական համակարգի պահպանումը՝ իր ներկայիս ձևաչափով, բնական է, եթե հաշվի առնենք վերջերս նրա արած հայտարարությունն այն մասին, որ եթե իշխանության մեջ թևեր ի հայտ գան, ինքն այդ թևերը կկտրի։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի այն հայտարարությունը, թե ժողովուրդը պետք է լուծի ղարաբաղյան հարցը, թե մի քանի կոռուպցիոներներ, երկիրը, բանակը թալանած, զինվորների հաշվին ճարպակալած մարդիկ իրավունք չունեն լուծել խնդիրը, չնայած մեդալներին և ուսադիրներին։

-Արդեն մի ամբողջ տարի շարունակվող խոսակցություններ նախկինների համատարած թալանի, անգրագետ, անկիրթ մարդկանց պաշտոններում նշանակելու ու այլևայլ բաների մասին. այդ ամենը իրականության հետ ոչ մի կապ չունեցող գնահատականներ են։ Նայեք Կարեն Կարապետյանի կառավարության կազմին և այսօրվա կառավարությանը։ Պրոֆեսիոնալիզմի, անկաշառության տեսանկյունից, ռազմավարական ծրագրեր առաջադրելու, կոնկրետ աշխատանք կատարելու տեսանկյունից։ Նայեք Կարեն Կարապետյանի ներկայացրած, եթե չեմ սխալվում՝ 130-էջանոց տարեկան հաշվետվությանը և համեմատեք Նիկոլ Փաշինյանի տարեկան հաշվետվության հետ։

Կրկնում եմ, այս ամենը իրականության հետ ոչ մի կապ չունեցող գնահատականներ են։ Մի ամբողջ տարի պնդում են տոտալ թալանի մասին, և հասարակության մի փոքր շերտ արյուն է տենչում, կարծելով, թե իր բոլոր խնդիրները կապված են հենց դրա հետ։ Հարցրեք ցանկացածին, ես անձամբ, երբ խոսում են թալանի մասին, հարցնում եմ. կոնկրետ քեզ թալանե՞լ են։ Իհարկե, եղել են բազմաթիվ արատավոր երևույթներ, եղել են նաև հանցագործություններ, պաշտոնեական դիրքի չարաշահումներ, բայց այդօրինակ գնահատականներն անտեղի են։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այդ մասին բազմիցս խոսել են և՛ փորձագետները, և՛ քաղաքական գործիչները։ Առհասարակ չի կարելի ցանկացած հարցով մատնանշել ժողովրդին, ի հավաստումն ասել, թե իբր՝ ժողովրդի անունից է։ Դա պատասխանատվությունից խուսափելու փորձ է, դա պետական գործչին ոչ վայել մոտեցում է։ Ասենք, Նիկոլ Փաշինյանն այսօր էլ դեռ չի դարձել պետական գործիչ, դա ակնհայտ է։ Դու օժտված ես իշխանությամբ, անկախ նրանից, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում, ինչ ընտրություններով ես ստացել այդ իշխանությունը, լիազորությունները։ Մեր հասարակությունը, նրա գերակշիռ մասը առնվազն ձևակերպել է իր պատկերացումը Արցախյան խնդրի լուծման վերաբերյալ. և՛ ազատագրական պատերազմով, և՛ հետագա տարիներին։ Եվ դու՝ որպես պետության ղեկավար, պարտավոր ես ինքդ ունենալ հստակ դիրքորոշում, մինչդեռ նա հստակ դիրքորոշում առ այսօր չի արտահայտել և փորձում է իրականացնել իր լիազորությունները, խորհրդակցելով քաղաքական շրջանակների, կուսակցությունների, մտավորականության հետ, հասարակության այն խավի, որն ասելիք ունի։

Մեծամասնությունը ոչ միայն միշտ չէ, որ իրավացի է. նա միշտ սխալվում է։ Մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը, մարդիկ, որոնք ունեն տեսակետ, անհատները։ Այնպես որ սա դրանից անջրպետվելու հերթական քայլն է, պատասխանատվությունից խուսափելու փորձը։ Տեսեք, Փաշինյանի հայտարարած առաջին բանը, որ ինքը բանակցություններ չի վարի առանց Արցախի, որ Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, ճիշտ դիրքորոշում է։ Բայց տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են ընթանում բանակցությունները։ Նույնն էլ այստեղ է, համաձայն ամեն ինչ զրոյացնելու իր սովորության։ Մեկ տարի անց մեզանում կլինի մի իրավիճակ, երբ կմոռանանք ներկայիս հայտարարությունը և կգնանք նրա մեկ ուրիշ նոր հայտարարության հետևից։

-Ինչպե՞ս հասկանալ վարչապետի կոչը հանրությանը՝ հստակ ձևակերպելու և ասելու կառավարությանը, թե ինչ ենք մենք ուզում։ Կա ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որով բացառվում է այն փաստաթղթերի ստորագրումը, որտեղ Արցախը նշված է որպես Ադրբեջանի մասԴրանից ավելի ի՞նչ է պետք։

-Դա խնդիրներից մեկն է։ Երկրորդ խնդիրը Արցախի կարգավիճակի հարցն է, դրանից բխող ինքնորոշման իրավունքի իրականացման հարցը։ Երրորդ խնդիրը՝ գոնե աշխատանք տանելը Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այդ ամենը աշխատանք է, որ պետք կատարեն կառավարությունը, դիվանագիտական կորպուսը։ Հունվարին մեր արտգործնախարարը, որը պրոֆեսիոնալ դիվանագետ է, հայտարարեց, որ խաղաղության այլընտրանքը աղետն է։ Ես այն ժամանակ ասացի. «Իրավացի է նախարարը, խաղաղության այլընտրանքը աղետն է, բայց աղետը ոչ թե մեր, այլ Ադրբեջանի համար»։ Քանզի Ադրբեջանը երկու անգամ պատերազմ է սկսել և երկու անգամն էլ պարտվել, իսկ մենք ունենք այն, ինչ ձեռք ենք բերել այդ պատերազմի արդյունքում՝ զրկանքների, զոհերի, մեր ժողովրդի արյան գնով։ Այնպես որ խաղաղության նախապատրաստելու մասին այդ տարօրինակ թեզիսները, կարծես թե, ինչ-որ մի պահ դադարեցին, հետո նորից շարունակվեցին

Կա Արցախի Հանրապետությունը՝ իր ներկայիս կարգավիճակով, և սահմանադրությունը, որի շրջանակներում Հայաստանի ցանկացած ղեկավար պետք է բանակցություններ վարի։ Իհարկե, հասկանալով, որ Ադրբեջանի մոտեցումները տվյալ պահի դրությամբ անհամատեղելի են խնդրի կարգավորման հետ, մեր դիրքորոշումը պետք է առնվազն համարժեք լինի Ադրբեջանի դիրքորոշմանը։

-Պատասխանելով այն հարցին, թե Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի կարծում, թե Ղարաբաղի իշխանություններն ընդհանրապես հնարավորություն ունեն միջամտելու Հայաստանի գործերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Փաշինյանը սոցցանցի իր էջում գրեց. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։ Այս հայտարարությունը նույնպես համակարգային պետական մտածողության բացակայության արդյունք է։ Ներկա իրավիճակում սպառնալ Արցախին իբր ժողովրդական հեղափոխությամբ, նշանակում է՝ բացարձակապես չգիտակցել նման քայլերի վտանգավորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նա շարունակում է իր հեղափոխական ոճը, հեղափոխական մտածողությունը, ես հենց դա նկատի ունեմ։ Արցախի ղեկավարությունը, Արցախի նախագահը բացառիկ առաջնորդ է, և այնտեղ կան իսկապես պետական գործիչներ՝ հայեցի մտածողությամբ, որոնց միակ նպատակը Արցախի հնարավորությունների ծառայեցումն է Հայաստանի և հայության նպատակներին ու գերակայություններին։ Փաշինյանի այդօրինակ գնահատականները վկայում են նաև այն մասին, որ նա ինչ-որ առումով իրապես ըմբռնում է այսօրվա իրավիճակը։ Երբ ես ասում եմ. որքան ավելի ցածր լինեն նրա հեղինակությունը, վարկանիշը, այնքան ավելի կտրական, ագրեսիվ ու հեղափոխական կդառնա նա, նկատի ունեմ բացի ամենայնից նաև դա։

-Կարծում եք, Փաշինյանն իսկապես պատրա՞ստ է ինչ-որ բան ձեռնարկել Արցախում։

-Չեմ բացառում, որ նա կարող է գնալ նման քայլերի։ Բայց որ չի հասնի հաջողության կամ այդ հաջողությունը մեծագույն ձախողման կփոխարկվի մեր պետականության համար, նա գիտակցել պարտավոր է։

-Մամլո ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ամփոփեց տարվա արդյունքները։ Որքանո՞վ եք համոզիչ համարում որպես հեղափոխության նվաճումներ վարչապետի ներկայացրած 100 փաստերը։

-Նա կարող է ներկայացնել թեկուզ 500 կետ։ Ես թռուցիկ աչքի անցկացրեցի, վերջին ժամանակներս հատուկ չեմ հետևում նրա ժամեր ձգվող ելույթներին, բայց ակներև է, որ դրանք իրար կցմցած, տարբեր գերատեսչություններից հավաքած ընթացիկ գործունեության ինչ-որ արդյունքներ են, որոնց մեջ, բացառությամբ մեկ-երկու փաստի, չկա իրապես լուրջ ոչ մի բան։ Ուստիև ասում եմ. լրագրողների խնդիրն է՝ վերցնել այդ հաշվետվությունը և համեմատել դա նախկին կառավարության հաշվետվության հետ։ Եվ կտեսնեք մտածողության տարբերությունը՝ ռազմավարական, հայեցակարգային, ծրագրային աշխատանքի և կառավարման տարբերությունը։ Ակնհայտ է, որ հասարակությունն իր կյանքում որևէ արմատական փոփոխություն չզգաց։ Ակնհայտ է, որ միայն «Իմ քայլի» շրջանակին է թվում, թե ամեն ինչ հիանալի է և իդեալական։ Ակնհայտ է, որ այդ հաշվետվությունը ոչ մի կերպ չի ազդի մեր քաղաքացիների տրամադրվածության վրա։ Եվ այն, որ հասարակության բացարձակ մեծամասնությունն արդեն հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել ու չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, նույնպես ակնհայտ է։

-Մեծամասնությո՞ւնը։

-Ես վստահ եմ։