ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում կմասնակցի տնտեսական ֆորումի

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 16-ին կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով: Հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում armeniasputnik.am։

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ֆորումի աշխատանքներին կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև ներդրումային ու առևտրային կապերի ամրապնդմանը:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի ղեկավարության, ինչպես նաև ֆորումին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:

Основная тема:
Теги: