ՄԻՊ-ը՝ Մարտի 1-ի դատավարութան մասին

2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.

1.Երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթից կամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից:

Պետք է հստակ գիտակցել, որ դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները։

Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում։

3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակային դիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում բարձր է անհանդուրժողականությունը, հնչում է ատելության խոսք, առկա են սպառնալիքներ ու անգամ բռնության կոչեր։

4. Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն՝ ելնելով դատական վարույթի բնականոն ընթացքի և համերաշխություն ապահովելու անհրաժեշտությունից», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Основная тема:
Теги: